«Երեխան չի կարող գնալ դպրոց, երբ դպրոցից քիչ հեռու կանգնած է թշնամու զինված զինվորը․ համաձայն ենք Արման Թաթոյանի հետ, թշնամու դիրքերը պետք է հետ քաշվեն». Ներքին Հանդի վարչական ղեկավար
Նոյեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքում գուգլ քարտեզով ներկայացրեց բոլոր այն կետերը, որտեղ անօրինական ձևով տեղակայվել են ադրբեջանական զորքերը։
Արման Թաթոյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դպրոցը ադրբեջանական զինված ուժերի դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։
«Ինձ որևէ միջազգային կազմակերպություն կարո՞ղ է համոզել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ, որևէ մեկը չի կարող համոզել։ Մենք հիմնավորել ենք միջազգային բոլոր չափանիշներով, զեկույցը կա, որը հիմնված է բոլոր փաստերի վրա»,- նշեց Արման Թաթոյանը։
168.am–ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ Արման Թաթոյանն ամեն ինչ ճշգրտությամբ ներկայացրել է:
«Մեր դպրոցը գյուղի ներքևի մասում է, իրենց պոստերն էլ հենց դպրոցի վերևում է, Թաթոյանը ճիշտ է ասել։ Մենք համաձայն ենք Արման Թաթոյանի հետ, պետք է դիրքերը հետ քաշվեն, սա մեր երեխաների իրավունքների խախտում է, երեխան չի կարող գնալ դպրոց, երբ դպրոցից քիչ հեռու կանգնած է թշնամու զինված զինվորը։ Այսօր թշնամին մեր տուն է ներխուժել, եկել՝ մեր հողի վրա է ամրանում։ Դե, մենք ի՞նչ կարող ենք անել, հո չե՞նք կարող դպրոցը փակել, երեխաներին էլ նստեցնել տանը»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ, այս պահին թշնամին ընդամենը 250 մետր հեռավորության վրա է գտնվում նախկին 100-150 կիլոմետրի փոխարեն։
«Թշնամին նախկինում կիլոմետրերով էր մեզանից հեռու, միանգամից եկավ ու այսքան մոտ դիրքավորվեց։ Նախկինում թշնամին անկանոն շատ էր կրակում, բայց վերջին շրջանում այդ կրակոցները հանդարտվել են։ Դե, կրակոց կարող է լինել 10 օրը կամ շաբաթը մեկ, բայց կրկին անկանոն»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։
«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։