Ո՞ւմ կտրամադրվի «Ծնողական փառքի» մեդալը. նոր նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի նպատակը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար ներկայացվող չափանիշների վերանայումն ու հստակեցումն է, որոնք ավելի իրատեսական են և չափելի, երեխաների նոր թվի շեմի սահմանումը, այս պարագայում հնարավորություն կստեղծվի ավելի շատ ծնողների պարգևատրել այդ մեդալով։

Նշվում է, որ Ծնողական փառքի մեդալի տրամադրման առկա կարգավորումներում՝ այդ մեդալով պարգևատրվում են 6 և ավելի զավակներ ունեցող ծնողները։ Սակայն 2014-2020 թթ. ընթացքում պարգևատրված 10 ծնողական զույգերի ընտրությունը կատարվել է հիմնականում 10 և ավելի զավակներ ունեցողների շրջանակից։ Մասնավորապես, պարգևատրված ծնողներն ունեցել են 15, 13, երեքը՝ 12, 10, 9 և միայն մեկը 8 զավակ և չի դիտարկվել որևէ 6 կամ 7 երեխա ունեցող ծնողների թեկնածություն։ Ծնողական փառքի մեդալի տրամադրման չափանիշներում առաջադրվում են մի շարք լրացուցիչ պայման-վերապահումներ (առողջ ապրելակերպի վարում, զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում), որոնք իմաստային առումով շատ անորոշ են, հարաբերական և օբյեկտիվ գնահատման ոչ ենթակա։

Միաժամանակ, այդ դրույթները արդեն իսկ ամրագրված են ՀՀ օրենքներով և ծնողական պարտավորություններ են։ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ևս ընդունելի չեն, քանի որ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ է սահմանված կենսաբանական ծնողների համար վերջին կենսաբանական երեխայի 3 տարին լրանալու և վերջին որդեգիր երեխային առնվազն 5 տարի դաստիարակելու ցենզերը։ Ընդհանուր առմամբ, երեխաների խնամքի ու դաստիարակության առաջին երեք տարիները, առավել ևս որդեգրած երեխաներինը, շատ ավելի ծանր, աշխատատար ու էներգատար գործընթացներ են և այդքան երկար տարիների սահմանումը իրավակիրառական տեսանկյունից սխալ է։ Այսպիսով՝ առաջարկվում է մեդալով պարգևատրվելու համար պահանջվող երեխաների թիվ սահմանել 8 և ավելի զավակը։

Բացի դա, սահմանվել են բազմազավակ ընտանիքների օրինակելի և սոցիալապես պատասխանատու վարքագծի գնահատման հետևյալ չափանիշները, որոնք իրատեսական են և օբյեկտիվորեն չափելի, մասնավորապես՝ ընտանիքի ծնողների բարի համբավը, այդ թվում՝ բնակության համայնքում, աշխատավայր(եր)ում, պետության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պարտաճանաչ կատարումը, այդ թվում՝ հարկերի և օրենքով սահմանված տուրքերի պարտաճանաչ վճարումները, կոմունալ ծառայությունների համար վճարումներից չխուսափելը, զինվորական և այլ պարտադիր ծառայությունների կատարումից խուսափումների բացակայությունը, ծառայողական կենսագրության մեջ արիության և խրախուսանքի արժանի արարքների կատարում, ծառայության վայրում հակաօրինական արարքների բացակայություն և այլն, հակաօրինական գործողությունների մեջ երբևէ ներքաշված չլինելու փաստը, որը կարող է ճշտվել իրավապահ մարմիններից, արատավոր սովորությունների բացակայությունը ևս կարելի է ճշտել ինչպես համայնքից և աշխատավայրից, այնպես էլ իրավապահ մարմիններից և համապատասխան առողջապահական ու նարկոլոգիական հաստատություններից:

Միաժամանակ առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ մասով, որով կնախանշվեն Ծնողական փառքի մեդալ ի տրամադրման հետ կապված ընթացակարգերը և հստակություն կմտցվի այս գործընթացում։ Ներկայացվող նախագծի ընդունման պարագայում հստակ կլինի Ծնողական փառքի մեդալով պարգևատրվող ծնողների ընտրության չափանիշները, մեդալի տրամադրման համար անհրաժեշտ երեխաների թիվը, կսահմանվի մեդալի տրամադրման կարգը»։

Տեսանյութեր

Լրահոս