
Ինչո՞ւ այնտեղ ա՛յդ պաշտոնյաներն են՝ այդպես ենք հարմար գտել. Դումանյանը՝ Պապիկյանի ու Սարգսյանի՝ բուհի հոգաբարձուների խորհրդում ներգրավվելու մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում պաշտոնյաների ներգրավմանը՝ նկատելով, որ զարմանալ պետք չէ:
«Փոխնախարար, կոմիտեի նախագահ, վարչապետի օգնական և այլն, այո, տեսնում եք, և ոչ միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում եք տեսնում. բոլոր առայժմ երեք բուհերի՝ նոր հաստատված կազմերում դուք տեսնում եք՝ փոխնախարարներ և այլն:
Այո, տեսնում եք և պետք չի զարմանալ, որովհետև գիտեք, որ մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, և մենք մնում ենք նույն սկզբունքներում, որ՝ այո՛, չպետք է լինեն քաղաքական դեմքեր, պաշտոններ զբաղեցնողներ: Այժմ այդ օրենքը մենք նորից դրել ենք շրջանառության մեջ, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական:
Շատ լավ, նա չեղավ՝ գործում ենք հին կարգով՝ գոյություն ունեցող գործիքակազմով: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է արվել ամեն ինչ՝ հարյուր տոկոս պահպանելով բոլոր տեսակ պահանջները: Հիմա ինչո՞ւ այնտեղ ա՛յդ պաշտոնյաներն են՝ այդպես ենք հարմար գտել, ինչը դուք տեսնում եք փաստաթղթավորված»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին՝ Սուրեն Պապիկյանն ի՞նչ կարող է անել ԵՊՀ-ում, կրթության, գիտության ոլորտում, Դումանյանը պատասխանեց. «Կապրենք՝ կտեսնենք: Նման հարց ձևակերպելը, կարծում եմ, տեղին չէ, երբ դուք անձնավորված ասում եք՝ նա ինչ կարող է անել. շա՛տ բան»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրերս հաստատվել էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամների շարքում էին նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: