Երեք նախագահները Փաշինյանին փոխանցել են անվտանգ երկիր, մարտունակ բանակ, 12.500 քկմ Արցախ, սակայն 3 տարում նա այդ ամենը մսխել է. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս տված հարցազրույցում արտահայտած իր այն տեսակետին, որ Արցախի աղետի հարցում նախկին նախագահները մեղք չունեն։

«Եկեք փաստենք, թե նախկին նախագահներն ինչ երկիր են փոխանցել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը։ Փոխանցել են մեր հայրենիքի, Արցախի հատվածի 12 հազար 500  քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ, սակայն Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում կարողացել է այդ ամենը մսխել»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ այդ ամենի մեջ իր մեղքը չի՞ տեսնում, քանի որ եղել է ԱԱԾ տնօրեն և այդ ամենի մասին չի բարձրաձայնել, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ չի ցանկանում անընդհատ անդրադառնալ իր հրաժարականի պատճառներին և հրաժարականի տեքստին։

«Իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, որ լուրջ վերաբերվեին այդ հարցին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգերով, լուրերով, անհեթեթ պնդումներով վարկաբեկել իմ անձը»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին  մասնակցելուն, Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» դաշինքին մաս կազմող կուսակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են նախատեսված  հանրահավաքին։

«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանելու ենք, սակայն ելույթներ չենք ունենալու։ Ինքս տեղյակ չեմ, հանրահավաքին Սերժ Սարգսյանը ներկա կլինի՞, թե՞ ոչ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս