Բաժիններ՝

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց ակցիա իրականացրած շտապօգնության վարորդներին

Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ օրերս շտապօգնության մի խումբ վարորդների կողմից իրականացված ակցիային:

«Մի քանի վարորդների կողմից է բողոք բարձրացվել. Շտապօգնության ծառայությունն անխափան գործում է: Մենք համակ ուշադրությամբ, իհարկե, լսում ենք մեր աշխատակիցների, բուժաշխատողների բարձրացրած բոլոր խնդիրները և քննարկումների արդյունքում պիտի հասկանանք, թե ինչ լուծումներ պետք է գտնենք՝ թե՛ նրանց ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, և թե՛ վերանայելու աշխատավարձային ֆոնդը»,- նշեց նախարարը:

Նա վստահեցրեց՝ Կառավարության ծրագրում ընդգրկված է  բուժաշխատողների աշխատավարձերի վերանայման հարցը:

Հիշեցնենք, որ Շտապբուժօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն օրերս բողոքի ակցիա էին իրականացրել կայանատեղիում՝ դժգոհելով ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից:

«Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, թող գան էստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11․700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111․300 դրամ: Բայց որ գնում ենք, բանկի համար մի թուղթ ենք վերցնում, գրում են, որ աշխատավարձը 170.000 է: Առավոտից երեկո բանում ենք, ո՛չ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ո՛չ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Կանչից կանչ ենք գնում, կովիդը շատացել է: Մենք կովիդի հետ գործ չունենք, կովիդն ենք անում: Մենք չգիտենք՝ ոնց անենք: Եթե մարդ կա, թող գա՝ մեր հարցի լուծումները տա: Էս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,- ասել էր ակցիայի մասնակից, 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը:

Մեկ այլ վարորդ էլ նշել էր,  որ նախկինում հասցնում էր երկրորդ տեղ աշխատել, բայց հիմա կանչերի թիվը հասել է օրական 2000-ի, և այլևս հնարավորություն չունի այլ տեղ աշխատել, իսկ եղած աշխատավարձով ապրել չի կարող. «Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ»:

Ի դեպ, վարորդների փոխանցմամբ՝ եթե մեքենան վնասվում է, իրենք են դրա համար վճարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս