
Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. Անահիտ Ավանեսյան

«Այն փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են. նրանք օր ու գիշեր զբաղված են այդ վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկներին:
Նախարարը հավաստիացրեց՝ մոնիտորինգ են իրականացնում և հնարավորինս փորձում են ԲԿ-ների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ «հասկանալու՝ արդյոք բժիշկն իրավունք ունի՞ զբաղեցնելու մի պաշտոն, որին հակառակ ուղղությամբ է կառուցում իր հանրային խոսքը»:
«Մեր կարծիքով՝ Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չկարողանար հակագիտական, հակապատվաստումային նման վարվելակերպ, գործողություններ իրականացնել, և այդ ինստիտուտի հետ կապված մենք լուրջ պլաններ ունենք. պատրաստվում ենք առաջիկայում լայնածավալ քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ տանել, և այո, հետագայում ունենանք այդ ինստիտուտը։
Չի կարող բժիշկն իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով նաև, որ կոնկրետ բժշկական կենտրոններ արդեն իսկ հենվելով իրենց խորհուրդների, էթիկայի հանձնաժողովների դիտարկումների վրա, որոշ բժիշկների աշխատանքից ազատել են նման վարքագիծ դրսևորելու համար: