«Մենք 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա պատվաստել ենք». Անահիտ Ավանեսյան
«Երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 12 հազար 188 թեստավորում. գրանցվել է 41 մահ,- Կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ դպրոցներում արձակուրդների երկարաձգումն ու բուհերի՝ առցանց դասավանդման անցնելը որոշակի դրական միտումներ են ցույց են տալիս,- Մենք տեսնում ենք, որ հիվանդացության առումով և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով»:
Նախարարը տեղեկացրեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ գերլարված, բայց փոքր-ինչ նվազում է արձանագրվել հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում:
«Մահճակալային ֆոնդն արդեն 3120-ին մոտ է, և մենք հընթացս, ըստ Ձեր հանձնարարականի, նաև աշխատանքներ ենք իրականացնում՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու համար, և պլանային որակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին: Իրականացնում են աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարում ապահովելու համար, և այս պահին, կարծես թե, այդ աշխատանքները հստակ իրականացվում են. մեր բոլոր բուժհաստատություններն ապահովված են թթվածնով՝ չնայած որ սպառումը գերռեսուրսներով է»,- հավելեց Ա. Ավանեսյանը:
Պատվաստման ցուցանիշներին անդրադառնալով՝ նա հայտնեց, որ իրականացվել է 852.355 պատվաստում, որից 588.562 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 263.793 քաղաքացի: Ի դեպ, նախարարի հավաստմամբ՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված եղել:
««Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք մեր հրամանի մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալ պատվաստում. իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Կարող եմ ասել՝ կա հետաքրքրություն երեխաներին պատվաստելու. մենք 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա պատվաստել ենք»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ արձանագրեց, որ պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել, ապա կարևորեց քաղաքացիներին փոխանցել այն ուղերձը, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու միակ տարբերակը պատվաստումն է. «Այսօր մեր Առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. մենք տեսականորեն արդեն այն իրավիճակում ենք, որ եթե տանը սպասող մարդ կա, նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս, և հետևաբար՝ մարդիկ մահանում են. ամեն օր ահազանգեր են, ամեն օր հասկանալիորեն շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում, բայց մենք նոր չենք ասել՝ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել: Մենք լոքդաունների չենք գնալու. ես ուզում եմ՝ սա հստակ արձանագրենք»: