Բաժիններ՝

Եկեք փորձենք. հարցրեք իրեն. Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հորդորեց դիմել Արսեն Թորոսյանին

Կառավարության նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե վերջին շրջանում ինչո՞վ են պայմանավորված Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից մարզային բուժհաստատություններ այցերն ու այդ մասին ֆեյսբուքյան էջում ակտիվ լուսաբանումները:

«Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը կատարում այն գործառույթները, որոնք Ձեր տիրույթում են, և ինչո՞ւ Արսեն Թորոսյանի նկարներում Դուք չկաք: Կայքերից մեկը գրում էր, որ Դուք Ձեր կոլեգաների հետ չեք կարողանում նորմալ շփվել, և կառավարությունում մտադիր են Ձեզ փոխարինել. գուցե Արսեն Թորոսյանը դրա համա՞ր է ակտիվացել»,- հետաքրքվեցին լրագրողները:

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ լինելով ԱԺ պատգամավոր՝ նախկին նախարարն ակտիվորեն տեղեկացնում է, թե 2021 թվականին ինչպիսի լայնածավալ կապիտալ շինարարություններ են իրականացվում:

Նա հավելեց, որ այս տարի արդեն 6 բժշկական կենտրոններ ակտիվ շինարարության փուլում են, իսկ հաջորդ տարի այդ ծրագրում ընդգրկվելու են նաև պոլիկլինիկաները:

«Եվ գուցե ճիշտ եք նկատում՝ գերզբաղված լինելով քովիդի դեմ պայքարով և պատվաստումների գործընթացը խթանելով, պարոն Թորոսյանը լրացնում է լուսաբանման այդ հատվածը»,- պարզաբանեց նախարարը:

Դիտարկմանը, թե պարբերաբար բարձր եք գնահատում Ձեր գործընկերոջ աշխատանքը, բարեկրթորեն արտահայտվում նրա աշխատանքի մասին, և հարցադրմանը՝ արդյո՞ք դա փոխադարձ է, ինքը նույն կե՞րպ է մտածում Ձեր մասին, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.

«Եկեք փորձենք. հարցրեք իրեն: Դուք ինձ միշտ այդ հարցն ուղղում եք, և ես, ինչպես նշեցի, այո՛, իմ բարձր գնահատանքը նրա նկատմամբ շարունակական է, և խնդրեմ, իրեն էլ կարող եք հարցնել»:

Անդրադառնալով իրեն փոխարինելու մասին լուրերին՝ նա նշեց.

«Ի՞նչ պատասխանեմ. նման օդից վերցրած լուրերը մշտապես պտտվում են, մշտապես պտտվում են՝ բոլոր նախարարների հետ կապված, և որևէ մտադրություն չունեմ իմ պաշտոնը թողնելու, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև որ ինձ կվստահվի այս պաշտոնը»:

Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց բուժաշխատողներին՝ համավարակի դեմ պայքարում իրականացված հերոսական աշխատանքի համար:

«Երեկ մենք հյուրեր ունեինք Ֆրանսիայից, որոնք այցելել են մեր մի շարք քովիդ կենտրոններ և պետք է նշել, որ հիացած են, թե ինչ կազմակերպված, ինչպիսի բարձր մասնագիտական կարողություններով և ունակություններով են օժտված մեր բժիշկները, և թե ինչ հերոսական աշխատանք են իրականացնում այսօր՝ այս լարված համաճարակային իրավիճակում՝ ապահովելու մեր քաղաքացիների բժշկական օգնությունը: Ամեն անգամ պետք է առիթն օգտագործեմ՝ շնորհակալություն հայտնեմ մեր բուժաշխատողներին՝ բոլոր օղակներում»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս