Աղվան Վարդանյանն իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ. Հարությունյանը սպառնաց
«Բա տոներին չեք անդրադառնո՞ւմ, պարոն Վարդանյան».- ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ հետաքրքրվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Աղվան Վարդանյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից փորձել էր ճշտել, թե ինչով է պայմանավորված Անկախության տոների կազմակերպման ծախսերում առկա խիստ տատանումը, ապա նաև հետաքրքրվեց՝ արդյոք բյուջեն չի՞ ուզում ազատվել անիմաստ ծախսերից:
«Մի հարց էլ այստեղ՝ տոների, հիշատակի օրերի մասին. նախատեսվում է երկու միջոցառում`150 մլն դրամ Անկախության օրվա առթիվ, այս տարի՝ 1 մլրդ 200 մլն դրամ էր, կարծեմ. Անկախության օրը այսպես մեծ տատանումնե՞ր է ունենում. միայն 30-ամյակով բացատրելը որքանո՞վ է ճիշտ։ Մի գումար էլ համառորեն դրել եք «Քաղաքացու օրը» նշելու համար`40 մլն դրամ. Արդյոք բյուջեն չի՞ ուզում ազատվել անիմաստ ծախսերից»,- հարցրել էր պատգամավորը:
Աղվան Վարդանյանի հենց այս հայտարարությունն էր հավանաբար հունից հանել Արայիկ Հարությունյանին, քանի որ նա չսպասելով հարցադրումների՝ հապճեպ պարզաբանումներ ներկայացրեց.
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է փաստերը ստուգել, նոր հնչեցնել թվերը. ՀՀ բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել, և մենք, որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որպեսզի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեին:
Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին՝ մենք ամեն տարի պետք է նշենք: Ասեմ ավելին՝ հնարավորության դեպքում այդ բյուջեները պետք է ավելացնենք, որովհետև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է: Քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը մեր քաղաքական կյանքում: Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է. մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»:
Աղվան Վարդանյանն էլ իր հերթին՝ նշեց, թե սովոր չէ նման քննարկումները վերածել հերթական «քաղաքական չգիտեմինչերի», ապա հավելեց. «Թույլ եք տալիս Ձեզ, թույլ տվեք. դրանով է տարբերվում քաղաքական մարդը պատահական մարդկանցից:
Ոչ մի կոպեկ չեք ծախսել Անկախության տոնի վրա. թվերը հրապարկված են. այո, գուցե բյուջեից չեք ծախսել: Այդ օրը մոտավորապես ծախսվել է 450-450 միլիոն դրամ. գումարներն ի՞նչ են եղել՝ չգիտեմ: Ովքե՞ր են այդ ծախսերը իրականացրել, սա էլ, կարծում եմ՝ հանրայնացնելու ձևերը կան, և ինչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարն այդ միջոցառման կազմակերպիչների հետ՝ դա ևս հայտնի է:
Եթե 1.2 միլիարդ կարողանում եք հայթայթել և այսպես նշել Անկախության օրը, կարծում եմ՝ դժվար չէր լինի 40-50 միլիոն հայթայթել, և ձեր ասած Քաղաքացու օրը, որը ձեզ համար բացարձակ արժեք է խոսքով, բայց իրականում ոչ մի արժեք չունի, կարող եք դա էլ ձեր մասնավոր միջոցներից հատկացնել»:
Արայիկ Հարությունյանն էլ շեշտեց՝ Աղվան Վարդանյանն իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի աղբյուրները ու իր առնչությունն այդ ֆինանսավորողների հետ:
«Խնդրում եմ դա անել՝ այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը»,- սպառնաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: