Մենք շարունակելու ենք այս նույն գործելաո՞ճը՝ պարգևատրումները, խրախուսումները. Աղվան Վարդանյան
«Հանրապետության նախագահի մասով միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 մլն դրամ. նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ չե՞ն, և ի՞նչ արդյունավետություն ունի այս գումարների ծախսումը»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա նաև հետաքրքրվեց միջոցառումների և պարգևատրումների ֆոնդին վերաբերող հարցերի մասին.
«Ե՛վ ԱԺ-ում պարգևատրումների, դրամական խրախուսումների, և, ընդհանրապես, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը: Այսինքն՝ մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը՝ պարգևատրումները, խրախուսումները:
ԱԺ ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված է 235 հազար դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների համար՝ դրանից մոտ 2800 անգամ ավելի` 648 մլն դրամ. ԱԺ-ի հիմնական գործը, փաստորեն, ոչ թե Հայաստանում է, այլ՝ դրսում:
Մի հարց էլ այստեղ տոների հիշատակի օրերի մասին. նախատեսվում է երկու միջոցառում`150 մլն դրամ Անկախության օրվա առթիվ, այս տարի՝ 1 մլրդ 200մլն դրամ էր, կարծեմ. Անկախության օրը այսպես մեծ տատանումնե՞ր է ունենում. միայն 30-ամյակով բացատրելը որքանո՞վ է ճիշտ։ Մի գումար էլ համառորեն դրել եք «Քաղաքացու օրը» նշելու համար`40 մլն դրամ. բյուջեն չի՞ ուզում ազատվել արդյոք անիմաստ ծախսերից»:
Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ հարցադրմանը՝ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց.
«Վստահեցնում եմ, որ բոլոր հավելումները և պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում, բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել Բյուջեի մասին օրենքի նախագծում: Համապատասխանաբար, կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»։
Աղվան Վարդանյանի հարցին արձագանքեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նկատելով. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ-ի բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից»:
Պատգամավորը նաև նշեց, որ 30 տոկոսի չափով պարգևավճարներ կստանան վարորդները, փորձագետները, պատգամավորների օգնականները, տեխնիկական սպասարկում իրականացնողները:
«Երեկ ձեր համակիրներից մեկն աբսուրդային թիվ էր հրապարակել Ֆեյսբուքում և պատգամավորների պարգևատրումներից էր խոսել. նորից ուզում եմ կրկնել՝ պատգամավորներն ամենամսյա պարգևատրում չեն ստացել 2019 թ. փետրվար ամսից, և այս բյուջեում ևս նախատեսված չեն այդպիսի պարգևատրումներ»,- հավելեց Գ. Պապոյանը:
Ի պատասխան` Ա. Վարդանյանը խորհուրդ տվեց պետական բյուջեի քննարկումները չվերածել ֆեյսբուքյան գրառումների մեջբերման։