Բաժիններ՝

Սյունիքի մարզից փորձում են գույքի անվտանգային դիվերսիֆիկացիա անել. Անշարժ գույքի շուկայի միտումները

Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են 2,2 տոկոսով, նվազել են նաև հողերի առքուվաճառքի գործարքները: Ի դեպ, ըստ Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվության՝ գործարքների նվազումն ու  շուկայում գնանկումը հատկապես նկատելի են Սյունիքի մարզում: Ակնհայտ է, որ դա պայմանավորված է հատկապես հետպատերազմյան շրջանի անվտանգային խնդիրներով:

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը շուկայի սպասելիքները բացասական է գնահատում: 168.am-ի հետ զրույցում նա թվարկեց այդ բացասական սպասելիքները ձևավորող գործոնները.

 «Գործոնները բազմազան են:  Սկսենք  բանկային ոլորտից. վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3.5 տոկոսից արդեն բարձրացել է 7 տոկոսի, ինչը բանկերի վրա ֆինանսների հասանելիությունը ծանրացնում է արդեն 11-11.5 տոկոս՝ ինքնարժեքի դեպքում:  11-12 տոկոսանոց վարկավորումը բիզնեսի համար, աշխարհի մակարդակով եթե նայենք,  մոտ տասն անգամ զիջում է:

Գույքահարկի խնդիր ունենք. այն կարելի է համեմատել դանդաղ գործող ռումբի հետ, քանի որ այն աստիճանաբար է ծանրանալու և շուկայում կհանգեցնի պահանջարկի, մինչև իսկ՝ կրկնակի նվազման: Նախկինում, օրինակ, օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները Հայաստանում գույք էին ձեռք բերում՝ խթանելով շուկայի զարգացումը, ներկա պահին՝ եթե տարեկան 1000, 2000… դոլար  գույքահարկ պետք է վճարեն… Պատկերացրեք՝ մեկ միլիոն  դոլարանոց առանձնատան դեպքում՝ մոտ 15 հազար դոլարի գույքահարկի մասին ենք խոսում:  Դրանք սարսափելի գումարներ են, ու եթե գնորդը վստահ չլինի, որ կարող է դա վարձով տալ,  իմաստազրկվում են նման կարգի գործարքները: Այս ամենին հավելենք գնաճը՝ սպառողական ապրանքներից սկսած և  վերջացրած՝ շինանյութով և շինարարության թանկացումով (միջինացված՝ 40 տոկոս):

Կառուցապատողներն ի վիճակի չեն դրան համարժեք բարձրացնելու անշարժ գույքի գինը, որովհետև զուգահեռաբար առկա է նաև պահանջարկի անկումը: Ի դեպ, պահանջարկի անկումը ձևավորող հիմնական գործոններից է նաև արտագաղթի բավականին շոշափելի ցուցանիշը»:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը կանխատեսում է, որ մեկ-երկու տարում այդ խնդիրները կանդրադառնան կառուցապատողների վրա, ինչն էլ մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա և կանդրադառնա բանկերի, քաղաքացիների, հարկային մուտքերի վրա:

Անդրադառնալով Սյունիքին առնչվող եռամսյակային վերջին ցուցանիշներին և պատասխանելով հարցին, թե գործակալությունն ի՞նչ է արձանագրել, մասնավորապես, Սյունիքում անվտանգային խնդիրներով պայմանավորված շուկայի միտումների առումով՝ մեր զրուցակիցը նշեց.

«Զուտ տեղեկություն ունենք, որ Սյունիքի մարզից փորձում են անվտանգային դիվերսիֆիկացիա անել գույքի մասով. այսինքն՝ բնակարաններ ձեռք բերել ավելի անվտանգ գոտիներում՝ բնականաբար,  ի հաշիվ Սյունիքի պասիվացման»:

Նա շեշտեց՝ Սյունիքին առնչվող այս երևույթը շուկայում նոր է, և Կադաստրի կողմից խորը ուսումնասիրության պարագայում այդ խնդիրները կարող են բացահայտվել:

Հակոբ Բաղդասարյանը համոզված է՝ ոլորտում ինքնակառավարումն ու ինքնահոսը կբերեն տնտեսական խնդիրների, որոնք «եթե լուծումներ չեն ստանում, սովորություն ունեն վերածվելու քաղաքական խնդիրների»:

Դիտարկմանը, թե իշխանությունները վստահեցնում են, որ համավարակով պայմանավորված տնտեսական բացասական միտումներն ամբողջ աշխարհում են առկա, անշարժ գույքի մասնագետը հակադարձեց.

«Ես չեմ ընդունում այն բացատրությունը, թե ամբողջ աշխարհում է այդպես. Գերմանիայի Դաշնությունում, օրինակ, 2020 թվականին՝ կորոնավիրուսի պիկում, գույքահարկը մեկից 9 անգամ նվազեցում են տվել, և  իմ նշած  մեկ միլիոն դոլար արժողությամբ գույքի հարկը եթե Հայաստանում 15000 դոլար էր կազմում, Գերմանիայում՝ շուրջ 2000 եվրո:  Ավելին ասեմ՝ ավելացված արժեքի հարկը 18 տոկոսից իջեցրել են 16 տոկոսի:

Ցանկալի կլինի, որ որոշումները վերլուծելուց հետո, երբ հասկանան՝ սխալ է, փոփոխման ենթարկեն, որովհետև միևնույն է՝ հարկադրված են լինելու նվազեցնել. ես դա երաշխավորում եմ: Դա կանի այս կառավարությունը, մյուս կառավարությունը՝ գալու է այդ օրը՝  ինչպես շքեղության հարկի օրենք ունեինք, որի վնասները երեք-չորս տարի կրելուց հետո չեղարկեցին, նույն կերպ սա են չեղարկելու, բայց որքան ուշ, այնքան պետությանը հասցված վնասը՝ ավելի խորը, ավելի ծանր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս