Բաժիններ՝

Առաջին տեղում է Ռոբին Շարմայի «Վանականը»

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։

Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երկրորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի հնարավոր պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» երրորդ հորիզոնականում է: «Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք նա հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզմունքը։

Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը չորրորդ տեղում է։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ:

Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ ճաշացանկի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը վեցերորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…

Ռոբին Շարմայի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը յոթերորդ տեղում է: Ռոբին Շարման իր հերթական բեսթսելերում՝ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գրքում, շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը… Կյանքի նպատակը նպատակային կյանքն է…

Ռոբին Շարմայի «Առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» ութերորդ հորիզոնականում է։ Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել, լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատանքում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ: Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձեք հետևել դրանց…

Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» գիրքը իններորդ տեղում է: «Թուրքերը և մենք» ժողովածուն ընդգրկում է հայ հասարակական-քաղաքական մտքի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ գրող Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) տարբեր տարիների ընթացքում գրած այն ուսումնասիրությունները, որոնք աղերսվում են XX դարասկզբի հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունների՝ Հայաստանի Հանրապետության գոյամարտի ու անկման, թուրքիզմի գաղափարախոսության կոնկրետ դրսևորման ձևերի, Եղեռնի պատասխանատուների արդարահատույցի և հարակից այլ հարցերի հետ։

Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը»։ Այն ամենը, ինչ ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայն խստությամբ պահպանվում էր «Հույժ գաղտնի», «Պահպանել հավերժ», «Վտանգի դեպքում այրել» մակագրություններով: «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում պրոֆեսիոնալ հետախույզ Հայկ Հովակիմյանի հերոսական ոդիսականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս