Ճապոնիայի վարչապետը ԱՍԵԱՆ-ի երկրներին կոչ է արել՝ կոնսոլիդացնել ջանքերը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մասնակցել է ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների ղեկավարիների՝ առցանց ռեժիմով իր գրասենյակից անցկացվող գագաթնաժողովին եւ մասնակիցներին կոչ է արել՝ կոնսոլիդացնել ջանքերը «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
«Անհրաժեշտ է վստահորեն առաջ տանել ջանքերի գործադրումը՝ ուղղված «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» (հայեցակարգի) իրագործմանը»,-ասել է Կիսիդան: Նա առաջարկել է 2023 թվականին հատուկ գագաթնաժողով անցկացնել Ճապոնիայում ԱՍԵԱՆ-ի հետ հարաբերությունների սկսման 50-ամյակի առթիվ, որը «Ճապոնիայի եւ ԱՍԵԱՆ-ի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»:
Գագաթնաժողովի ընթացքում կարծիքների փոխանակում տեղի կունենա Արեւելա-չինական եւ Հարավ-Չինական ծովերի հարցի շուրջ, ինչպես նաեւ կքննարկվի համագործակցությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սեփական հայեցակարգի շրջանակներում: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել են Ճապոնիայի ԱԳ նախարարությունում, Կիսիդան կմասնակցի ԱՍԵԱՆ-ի, ԱՍԵԱՆ+3-ի, Արեւելյան Ասիայի գագաթնաժողովներին: Հանդիպումների ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակություն կորոնավիուսի դեմ պայքարի, տնտեսության վերականգնման հարցերի, Հյուսիսային Կորեայի, Արեւելա-չինական ծովի, Մյանմայի շուրջ ստեղծված խնդիրների եւ տարածաշրջանային օրակարգի շուրջ:
ԱՍԵԱՆ-ի բնակչությունը կազմում է 670 միլիոն մարդ, ինչը տարածաշրջանը դարձնում է «զարգացման համաշխարհային կենտրոն», որը գտնվում է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեջտեղում: Դրա հետ է կապված Ճապոնիայի մեծ ուշադրությունը «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման հարցերին: