Աստված մեզ օգնական
Իշխանության կողմից հրապարակ նետված տեղեկությունը, որ նոյեմբերի 9-ին կամ 10-ին Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի «բարձր հովանու ներքո» պատրաստվում է նոր փաստաթղթեր ստորագրել Իլհամ Ալիևի հետ, խառնել է Հայաստանի քաղաքական դաշտն ու երկրի ճակատագրով դեռևս մտահոգ մարդկանց անդորրը։
Ընդդիմությունը հենց այդ օրերին, այսինքն՝ պոստ ֆակտում, հանրահավաքներ է հրավիրել, ինչը, սակայն, շատերի մոտ տպավորություն կարող է ստեղծել, թե դրանք ուղղված են լինելու ոչ թե այդ փաստաթղթերի ստորագրումը կանխելուն, այլ ընդամենը դիմադրության իմիտացիա ստեղծելուն։
Հանգամանքը, որ փաստաթղթերի հնարավոր ստորագրումը տեղի է ունենալու Պուտինի «բարձր հովանու ներքո», գոյության իրավունք է տալիս վարկածին, որ Հայաստանի ընդդիմության առնվազն մի հատվածը չի կարող դրան իրական դիմադրություն ցուցաբերել։ Այս իրավիճակում իշխանությունը փորձելու է սպասարկել իր շահերը, ինչպես որ ընդդիմության առնվազն մի հատվածը որևէ գործողություն կատարելու է իր շահերի բավարարման հանգույն։ «Հայրենիքի փրկություն» բարձրագոչ կարգախոսը դարձել է մանրադրամ, որն իշխանությունը՝ մի կողմից, արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունը՝ մյուս կողմից, փորձում են օգտագործել սեփական նեղ-քաղաքական նպատակներին հասնելու համար։ Նպատակներ, որոնք երկուստեք իրագործվում են ոչ թե պաթետիկ, այլ իրական հայրենիքի հաշվին։
Այսօր իրապես առկա է հայրենիքի փրկության կենսական անհրաժեշտություն, բայց հայրենիքը պետք է փրկել առաջին հերթին այն ուժերից, որոնք դրա փրկության անվան տակ զբաղված են մանր պոլիտիկանությամբ։
Հայաստանը երբևէ չի եղել այնքան անպաշտպան ու անօգնական, որքան այսօր, որովհետև գրեթե ամբողջությամբ ջախջախված են բոլոր այն ինստիտուտները, որոնք օրհասական պահերին կարող են հանդես գալ իրական հայրենիքի իրական փրկության դիրքերից՝ մտավորականություն, էլիտաներ, քաղաքացիական հասարակություն, իրապես ազգային քաղաքական ուժեր։ Վերջինները կամ ջախջախված են ամբողջությամբ, կամ չափազանց թույլ են որևէ գործառութային դերակատարում ունենալու համար։
Իսկ եթե դրան գումարենք նաև լայն հասարակության անթույլատրելիության աստիճանի անտարբերությունը, ապա պատկերն ավելի ողբերգական կդառնա։
Այսպիսով, Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի իրավիճակում, որ պաշտպանության կարիք ունեն ամենազանազան աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խաղացողներից՝ անվանական դաշնակիցների պիտակով թշնամու հետ գործակցողներից՝ մինչև բացահայտ թշնամիներ, այդ նույն խաղացողների հետ ուղիղ կամ անուղղակի գործակցող տեղական իշխանություններ ու քաղաքական ուժեր, և այս ամենը՝ հանրային տոտալ անտարբերության պայմաններում։ Սա այն իրավիճակներից է, որում փրկության որևէ քաղաքական բանաձև այլևս անտեղի ու անկարող է թվում, և մնում է միայն ապավինել այն անմարմին հույսին, որն ապահովում է անելանելիության վերջին ստադիայում գործածվող «Աստված մեզ օգնական» արտահայտությունը։
Հարություն Ավետիսյան