Ինչ չես կարող, Աստված կանի
Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, երբ հույսը սկսում է մարել, երբ այլևս չենք վստահում սեփական ուժերին, սկսում ենք ապավինել Աստծուն: Մինչդեռ իրականում տեսականորեն գիտենք ու հասկանում ենք, որ Աստված ամենուր ու մշտապես է մեր միակ հույսն ու ապավենը, որ անգամ այն պահին, երբ կատարելապես վստահ ենք մեր ուժերին, պիտի որպես ապավեն ունենանք Տիրոջը, խնդրենք Նրա առաջնորդությունը:
Եվ երբեմն էլ ստացվում է այնպես, որ օգտվելով Աստծո անսահման բարությունից, ամեն հարցում ենք հույսներս Նրա վրա դնում ու ոչ մի քայլ չձեռնարկելով՝ սպասում ենք դրական արդյունքի: Այդ պարագայում պետք է վստահ լինենք, որ Աստված երեբք չի անի այն, ինչը մենք պետք է անենք:
«Այդ քարը մի կողմ դրեք» (Հովհ. 11:39),- պատվիրեց Քրիստոս հավաքվածներին՝ Ղազարոսին հարություն տալու դրվագում, երբ մոտեցավ գերեզմանին ու ցանկանում էր այն բացել: ինչո՞ւ ամենազոր Քրիստոս այդ մի գործն էլ իր վրա չվերցրեց: Ինչո՞ւ չցանկացավ ցույց տալ իր ամենակարող լինելը ու մի քար անգամ չվերցրեց՝ տեղափոխելու, մի հրաշք չգործեց: Այս հարցի պատասխանը իմաստուն կերպով տալիս է Սուրբ Հովհան Ոսկեբերանը՝ ասելով. «Որովհետև այն, ինչ կարող ես ինքդ անել, պետք է անել, իսկ այն, ինչ չես կարող, Աստված կանի:
– Կարո՞ղ ես քարը մի կողմ դնել:
– Կարող եմ:
– Արդ արա՛: Իսկ կարո՞ղ ես հարություն տալ մեռյալին:
– Ոչ:
– Ուրեմն Ե՛ս նրան հարություն կտամ»:
Այս օրինակը մեզ ցույց է տալիս, որ Քրիստոսին ապավինելով չպետք է գտնել պատասխանատվությունից խուսափելու ուղիներ: Քրիստոս կանի այն, ինչ մենք չենք կարող, և ոչ թե այն, ինչ կարող ենք, բայց ծուլանում ենք: Աստծուն ապավինել պետք է միշտ, սակայն դա չի նշանակում ոչինչ չանել ու միայն սպասել: Մեր պայքարով է և Աստծուն արաչակից լինելու պատասխանատվությամբ իրականում կարժևորենք Աստծուն ապավինելու հրամայականը և այն հրաշքները, որոնք տեղի են ունենում մեր կյանքում: