Ո՞ւր մնացին հարկային մուտքերի ռեկորդային աճերը, թե՞ դրանք միայն պաշտոնյաներին պարգևավճարներ տալու համար են
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեր երկրում ռեկորդները շատացել են։ Ամեն ինչի մեջ փորձում են ռեկորդներ տեսնել. տնտեսությունը ռեկորդային տեմպերով է աճում, հարկերը ռեկորդային տեմպերով են ավելանում, ռեկորդային տեմպերով աշխատատեղեր են ի հայտ գալիս, աշխատավարձերն են ռեկորդային տեմպերով բարձրանում, և այսպես շարունակ։
Նույնիսկ գործազրկությունն է ռեկորդային տեմպերով կրճատվում, երբ երկրում տնտեսական ճգնաժամ է։ Նման բան ոչ մի տեղ չես գտնի։ Բայց Հայաստանում այդպես է։
Միայն թե այդ ամենից մարդկանց կյանքի որակը չի բարելավվում։ Դեռ մի բան էլ վատանում է։
Այդպես է, որովհետև այդ ռեկորդները բոլորովին էլ իրական ռեկորդներ չեն։ Իրական ռեկորդներն այլ տեղ են։
Իրական ռեկորդն այն է, որ կյանքը ռեկորդային տեմպերով թանկացել է, պարտքը ռեկորդային տեմպերով ավելացել է, ռեկորդային տեմպերով աճել է աղքատությունը։
Մարդկանց վրա մեծացրել են ֆինանսական ճնշումը, հիմա էլ խոսում են հարկերի ռեկորդային ավելացման մասին։
«2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ: 2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։
2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։
Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։
Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»,- ասում ՊԵԿ նախագահը։
Ասում է, բայց թաքցնում, թե իրականում ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին է դա եղել։
Հարկերի ավելացումը ՊԵԿ նախագահը կապում է տնտեսության վերականգնման հետ. «Ավելի շատ կապում եմ տնտեսության որոշակի ակտիվացման հետ, որ տնտեսությունը վերականգնվում է և 2019թ. ցուցանիշներից ավելի վերև է գնում»։
Որ անցած տարվա տնտեսական անկումից հետո այս տարվա որոշ աճը պիտի նպաստեր հարկային մուտքերի ավելացման, այդպես էլ պիտի լիներ։ Բայց մուտքերի ավելացման գործում կան շատ ավելի էական գործոններ, քան այն տնտեսական աճն է, որի վրա փորձում է հղում անել ՊԵԿ նախագահը։ Հազիվ թե նա կարող էր չիմանալ այդ մասին։
Սկսենք գնաճից։
Անկախ նրանից, թե ՊԵԿ նախագահն ինչ կարծիք ունի հարկերի վրա գնաճի ազդեցության վերաբերյալ, այդ ազդեցությունը միանշանակ կա ու երբեմն շատ էական է։
Հարկային եկամուտների մեջ, ինչպես հայտնի է, ամենամեծ տեսակարար կշիռն ունի ավելացված արժեքի հարկը։ Երբ բարձրանում են գները, դրան զուգահեռ՝ ավելանում են նաև ԱԱՀ մուտքերը։ ԱԱՀ-ն ապրանքի գնի 20 տոկոսն է։ Մեկ այլ բան է, երբ ապրանքի գինը 100 դրամ է, մեկ այլ բան է, երբ դառնում է 150 դրամ։ Մի դեպքում՝ 20 տոկոսը 20 դրամ է, մյուս դեպքում՝ 30 դրամ։
Այս պարզ օրինակի վրա դժվար չէ պատկերացնել, թե գնաճը ինչպիսի ազդեցություն է ունենում ԱԱՀ մուտքերի վրա։ Ու դա բացարձակ կապ չունի տնտեսության հետ։ Դա հարկ է, որը վճարում են սպառողները՝ ձեռք բերելով ապրանքներ ու օգտվելով ծառայություններից։
Ստացվեց, որ հարկերը ավելացան, բայց սպառողների գրպանի և ոչ թե՝ տնտեսության ու տնտեսական աճի հաշվին։
Հարկերի ավելացման մյուս ոչ պակաս կարևոր գործոնները ևս կապ չունեն տնտեսության հետ։ Դրանք հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն են ու կրկին հասարակության վրա հարկային բեռը ավելացնելու արդյունք։
Խոսքը կենսաթոշակային ֆոնդերի ու զինծառայողների հիմնադրամին աշխատավարձերից կատարվող մասհանումների մասին է։
Երկու դեպքում էլ ունենք բեռի զգալի ավելացում, ու դա ակնհայտ է նաև կատարվող հարկային վճարումների տեսքով։ Դրանք էապես աճել են։ Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ հարկային եկամուտների արձանագրվող ավելացման վրա։
Չտեսնել սա՝ նշանակում է՝ միտումնավոր շրջանցել այն գործոնները, որոնք նպաստել են այս տարի հարկերի ավելացմանը։ Դեռ չհաշված ոչ պակաս կարևոր մեկ այլ գործոն՝ այն, որ անցած տարվա շահութահարկի գումարների մի մասը տեղափոխել են այս տարի։ Ու կրկին խոսքը միլիարդավոր, եթե ոչ՝ տասնյակ-միլիարդավոր դրամների մասին է։ Այդ թիվը երբևէ ՊԵԿ-ը չի հրապարակել ու հավանաբար չի էլ հրապարակի, որովհետև կարող է պարզվել, որ հայտարարվող հարկային եկամուտների ռեկորդներն ամենևին էլ ռեկորդ չեն։
Ակնհայտ է, որ առանց նշված գործոնների, բյուջեի հարկային եկամուտները շատ ավելի համեստ կլինեին։ Չէր լինի նաև այն 5,4 տոկոսանոց աճը, որը Պետեկամուտների կոմիտեն արձանագրել է 2019թ. նկատմամբ։ Դեռ չենք խոսում մետաղների արտահանման նոր տուրք մտցնելու մասին, որի ազդեցությունը գնահատվում է ամսական 4-5 մլրդ դրամի չափով։
Այնպես որ, ռեկորդների մասին խոսելիս, ՊԵԿ նախագահը լավ կաներ ներկայացներ նաև դրանց իրական հիմքերը։ Այդ ժամանակ կերևար՝ պե՞տք են մեզ նման ռեկորդները, թե՞ ոչ։
Եթե դա պիտի լինի հասարակության ու սպառողների կամ, Նիկոլ Փաշինյանի ասած՝ մանր խորամանկությունների հաշվին, ապա նման ռեկորդները ոչ մեկին պետք չեն։ Դրանք ոչինչ չեն տալիս հասարակությանը, մի բան էլ բարդացնում են քաղաքացիների կյանքը ու ծանրացնում ֆինանսական բեռը։
Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը, այդ թվում՝ հարկային բեռի տեսքով, աճում են։ Հասարակության աղքատացման հաշվին մեծանում են բյուջեի մուտքերը, որոնք, սակայն, չեն ծառայում այդ նույն հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը և եկամուտների ավելացմանը։
Ներկայացվել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, ու տեսնում ենք, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում լուծել բարձր գնաճի ու աղքատության ավելացման հետևանքով կուտակված սոցիալական խնդիրները։ 465 հազար թոշակառուից որոշել են 17 հազարի թոշակը 2-3 հազար դրամով բարձրացնել, ու համարում են, թե մեծ գործ են կատարել։
Բա ո՞ւր մնացին հարկային մուտքերի ռեկորդային աճերը։ Թե՞ դրանք միայն պետական պաշտոնյաներին պարգևավճարներ տալու համար են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ