Միջազգային ծրագրերի արդյունավետության մասին
Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներում մեծ դեր ունեն միջազգային կազմակերպությունները։ Կարելի է ասել, որ հարյուր-միլիոնավոր դոլարների ներդրումներ, նվիրատվություններ են եղել այս տարիների ընթացքում կրթության ոլորտը բարեփոխելու նպատակով։ Բայց շատ քիչ ծրագրեր կան, որոնք տվել են շոշափելի արդյունք։ Այս ոլորտում առկա է համակարգման խնդիր։ Դեռևս 90-ական թվականների վերջում պարզ էր, որ միջազգային ծրագրերը համակարգելու կարիք ունեն։ Բայց այս խնդիրն առ այսօր մնում է չլուծված։
Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք կրկնում են իրար։ Որոշ հարակից ծրագրեր համադրելու դեպքում կարող են լինել շատ լավ արդյունքներ, բայց այդ համադրումը չի արվում։ Կան ծրագրեր, որոնք Հայաստանի համար այդքան էլ կարևոր չեն։ Փոխարենը, կան խնդիրներ, որոնց ուղղությամբ ոչ մի ծրագիր չի իրականացվում։ Մի խոսքով, ծրագրերը շարունակում են իրականացվել հախուռն և չեն տալիս համակարգային արդյունքներ։
Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում արձանագրվող խնդիրներից մեկն այն է, որ այդ ծրագրերը հազվադեպ են գնահատվում կամ ինստիտուցիոնալացվում։ Ենթադրվում է, որ նախարարությունը պետք է ուշադիր հետևի իրականացվող բոլոր ծրագրերին, պետք է հասկանա դրանց արդյունավետությունը, օգտակարությունը։ Բայց այդպիսի պրակտիկաներ գրեթե չկան։ Կազմակերպությունն իրականացնում է իր ծրագիրը։ Ավարտվում է ֆինանսավորումը։ Լավագույն դեպքում կազմակերպվում է ամփոփիչ կոնֆերանս, և ծրագիրը համարվում է փակված։ Բազմաթիվ այդպիսի ծրագրեր ենք կորցրել շարունակական ֆինանսավորման բացակայության պատճառով։
Իհարկե, եղել են դեպքեր, երբ փորձ է արվել առանձին ծրագրեր ինստիտուցիոնալացնել։ Բայց այստեղ էլ խնդիրներ են առաջացել համակարգման հարցում։ Օրինակ՝ մի շարք կազմակերպություններ իրականացնում են ներառական կրթության ծրագրեր։ Այդ կազմակերպությունների մոտեցումների միջև հաճախ առկա են տարբերություններ, տարակարծություններ, որոնք ոչ միշտ է հաջողվում կառուցողական ձևով լուծել։
Տարբեր են նաև կազմակերպությունների աշխատաոճերը։ Երբեմն կազմակերպությունները շատ ավելի մեծ գումարներ են ծախսում գովազդի, հանրայնացման վրա, միջազգային փորձագետների վրա, քան բուն բովանդակային խնդիրների վրա։ Լինում են դեպքեր, երբ ավելի կարևորվում է ծրագիրը ժամկետում ավարտելը, քան դրա որակը։
Հետաքրքիր հարց է նախարարության, պետական կազմակերպությունների աշխատակիցների ընդգրկվածությունը միջազգային կազմակերպությունների ծրագրերում։ Կան կազմակերպություններ, որոնց կանոնները թույլ չեն տալիս, որ պետական պաշտոնյաները վճարվեն միջազգային ծրագրերից։ Բայց կան դեպքեր էլ, երբ կազմակերպությունները վճարում են նաև նախարարության, պետական հաստատությունների պաշտոնյաներին։ Երկու մոտեցումներն էլ արդյունավետ չեն կիրառվում։ Օրինակ՝ պետական պաշտոնյաներին չընդգրկելը նշանակում է, որ նախարարության պաշտոնյաներն առանձնապես մոտիվացված չեն լինի տվյալ ծրագրի իրականացման մեջ։ Բայց մյուս կողմից՝ պաշտոնյաների ընդգրկումն էլ ծրագրերում հաճախ կրում է ձևական բնույթ։ Այստեղ անհրաժեշտ է արդյունավետ լուծում գտնել։ Նախարարության աշխատողների ընդգրկումը կարևոր է։ Բայց դա չպետք է կրի ձևական բնույթ։ Նախարարության պաշտոնյաները պետք է լինեն ծրագրերի կրողը, գործադրողը և ինստիտուցիոնալացնողը։
Միջազգային բազմաթիվ ծրագրեր հաջողություն չեն ունեցել, քանի որ դրանք իրականացվել են միայն արտաքին փորձագետների մասնակցությամբ։ Նման դեպքերում ստեղծված արդյունքը (զեկույց, ուսումնական ռեսուրս, մեթոդաբանություն), որպես կանոն, չի տարածվում ու կիրառվում, քանի որ այն մարդիկ, որոնք դա պետք է անեին, չեն ներառվել ծրագրերում։ Այս առումով շատ հետաքրքիր է կրթության զարգացման պետական ծրագրերի նախագծման պատմությունը։ Սկզբնական շրջանում դրանք մշակվում են արտաքին և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Նախարարությունից ընդգրկվում է 1-2 հոգի։
Ծրագրի ժամկետի և ֆինանսավորման ավարտից հետո ծրագրի լրամշակումը և վերջնական տեսքի բերումը մնում է նախարարության համապատասխան վարչությունների վրա։ Բայց քանի որ այս մարդիկ հենց սկզբից չեն ընդգրկվել ծրագրում, լրավճար չեն ստացել, ապա նրանց մոտիվացիան բավարար չի լինում ծրագիրն ավարտին հասցնելու հարցում։ Ինքս այդպիսի մի վիճակի ականատես եմ եղել։ Ծրագրի մշակման վրա ահռելի գումարներ էին ծախսվել, բայց այն մնացել էր անավարտ։ Եվ մեծ դժվարություններ էին առաջացել ծրագիրն ավարտուն տեսքի բերելու հարցում, քանի որ գումարներ ստացած փորձագետների պայմանագրերն ավարտվել էին, իսկ նախարարության աշխատակիցները չէին ցանկանում ավարտուն տեսքի բերել այլոց մշակած կիսատ փաստաթուղթը։
Միջազգային կազմակերպությունների և նախարարության աշխատակիցների արդյունավետ համագործակցությունը շատ կարևոր է հաջողության հասնելու համար։ Ակնհայտ է, որ նախարարության աշխատակիցները հրավիրյալ միջազգային և արտաքին փորձագետների համեմատ՝ շատ ցածր են վարձատրվում, ինչի պատճառով շատերը չեն ցանկանում աշխատել նախարարություններում, չեն ցանկանում համագործակցել փորձագետների հետ, մյուսներն առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս են գալիս պետական համակարգից։ Խնդրի լուծումը հեշտ չէ, բայց շատ կարևոր է։ Առանց նախարարության, պետական մյուս հաստատությունների աշխատակիցների ակտիվ մասնակցության ոչ մի ծրագիր չի կարող հաջողությամբ իրականացվել և ինստիտուցիոնալացվել։ Շատ բան կախված է նախարարության ղեկավար կազմից։
Եթե նախարարության ղեկավարությունը կարողանա ավելի լավ ու ներառական կադրային քաղաքականություն իրականացնել, ավելի շատ ծրագրեր իրականացնել աշխատակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ, ապա միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն ավելի լավ արդյունքներ կունենա։
Այսօր նախարարության աշխատակիցները թերահավատ են միջազգային ծրագրերի, փորձագետների օգտակարության հարցերում, իսկ վերջիններս էլ կարծում են, որ նախարարությունը չունի բավարար կարողություններ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու հարցում։ Այս փոխադարձ անվստահությունը պետք է հաղթահարվի։