Ընտրություններում հաղթանակը միջազգային հանրության կողմից ընկալվեց որպես հայ ժողովրդի համաձայնություն տեղի ունեցող զարգացումներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, երբ խոսում ենք, որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Հայաստանի և Արցախի դերակատարության բարձրացման մասին, հիմնական խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալը, որ հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, ՀՀ-ում թե Սփյուռքում, չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ:

«ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նա հիշեցրեց հոկտեմբերի 14-ին Արցախում ադրբեջանական հերթական սադրանքը և դրան հաջորդած իրադարձությունները՝ նկատելով. «Վերլուծելով այդ միջադեպի հետ կապված հանրային քննարկումները, պաշտոնական լրահոսը և այլն՝ ակնհայտ էր մի բան, որ շարունակվում է մեր ժողովրդի մեջ քարոզվել վախը դեպի թշնամին, դեպի հակառակորդը:  Այսինքն՝ իրավիճակի այդ սրացումը կարճ ժամանակում բերեց մեծ խուճապի.  թե՛ Արցախում, և թե՛ ՀՀ-ում սոցիալական ցանցերը հեղեղված էին սպառնալիքներով՝  ինչ կլինի, եթե նոր պատերազմ սկսվի և այլն՝ մինչդեռ դա ևս մեկ հնարավորություն էր, որը թույլ էր տալիս հայկական կողմին առնվազն ֆիքսելու, որ Արցախում չկա Ալիևի և տարբեր միջազգային ինստիտուտների, պետությունների կողմից գովերգված այն հանդարտությունը, որը փորձում են մատուցել մեր հանրությանը:

Եվ երկրորդ կարևոր խնդիրը, որը տեսա այդ զարգացումներում (լավ հասկանալով, թե ինչն է պատճառ դարձել ադրբեջանցիների նման գործողությունների), պետք է փաստենք, որ դիմադրության առաջին նշանն էր, որ տեսանք պատերազմից հետո Արցախում, որովհետև գիտենք, որ այս 6 զինվորների վիրավորման դեպքին նախորդել էին զարգացումներ՝ թշնամու կողմից Մարտակերտում հայ տրակտորիստի սպանությունը: Դրան հետևել են որոշակի գործողություններ արդեն իսկ ՊԲ ներկայացուցիչների կողմից: Ես չգիտեմ՝ որքանով է կազմակերպված եղել, տեղեկությունները շատ տարբեր են եղել. մարդիկ կան, որ ասում են՝ պատժիչ գործողության որոշումը տեղում է կայացվել և ոչ թե բանակի հրամանն է եղել, բայց, այնուամենայնիվ, սա եղել է առաջին նշանն այն բանի, որ Արցախում կա դիմադրություն»:

Այս համատեքստում խոսելով Հայաստանի և Արցախի՝ որպես աշխարհաքաղաքական գործոն՝ դերակատարության բարձրացման մասին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ հիմնական խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալը, որ հայ ժողովուրդը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ, այն իրականության հետ, որն այսօր մատուցվում է աշխարհին ամբողջ քարոզչական մեքենայով՝ նաև Հայաստանի ներսում:

Ըստ նրա՝ հայ հանրության դրսևորած վարքագիծը համակերպվողի վարքագիծ է, իսկ դրա վերջին «ապացույցներից» մեկը խորհրդարանական ընտրություններում իշխանությունների հաղթանակն էր. «Այդ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում միջազգային հանրության կողմից գնահատվեց և ընկալվեց՝ որպես հայ ժողովրդի համաձայնություն տեղի ունեցող զարգացումներին,  և Փաշինյանի՝ արտաքին գործընկերների հետ առաջին իսկ հանդիպումների ժամանակ բոլորն ասեցին՝ դուք հիմա ունեք հանրային վստահություն, աջակցություն, դուք պետք է լուծեք ծանր խնդիրներ»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերը, փորձագետները, մասնագետները չպետք է վախենան հանրությանը բացահայտելու ճշմարտությունը, բարձրաձայնել, որ խնդիրը լուծված չէ:

«Այն փաստը, որ Արցախում եղել է, օրինակ, հարձակում հայկական դիրքերի վրա, լավ նշան է, վատ նշան չէ. սա նշանակում է, որ միջազգային հանրությունն էլ կտեսնի, որ համակերպվածություն չկա,- ասաց նա և հավելեց՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ խնդիրներն առանձին դիտարկելը ճիշտ չէ,- Նրանք Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը և փաստացի ՀՀ-ի հետ Սյունիքի կապը ամբողջ տարածքով չեզոքացնել»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև հորդորեց չկենտրոնանալ միայն այս պահին առկա վտանգը չեզոքացնելու վրա.  դիտարկել թշնամու ընդհանուր քաղաքականությունից բխող գլոբալ վտանգները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031