Բարդ գործընթացները, խառը դիմակայությունները շարունակվելու են ռեգիոնում ազդեցության համար, Իրանի շուրջ լարվածությունը կպահպանվի. վերլուծաբան
44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում օրեցօր բարդ ռազմաքաղաքական միջավայր է ձևավորվում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շուրջ:
Դրա նշույլները հստակորեն երևացին դեռևս անցյալ տարի Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթի ընթացքում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի հատված արտասանեց ադրբեջանցի պոետ Բախտիար Վահաբզադեի բանաստեղծությունից, որում խոսվում էր Արաքսով տարանջատված ադրբեջանաբնակ հողերի մասին։ Էրդողանի այս քայլն Իրանում ընկալեցին՝ որպես Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք, և թուրք-իրանական դիվանագիտական լարվածություն առաջացավ:
Հերթական լուրջ խնդիրը բռնկվեց միայն վերջերս, երբ Ադրբեջանի Ոստիկանությունը փակեց Գորիս-Կապան ճանապարհը և այ ճանապարհից օգտվող իրանցի վարորդներին ձերբակալեց: Թեև վարորդները միայն ժամեր առաջ ազատվեցին, և կային թույլ կասկածներ, որ Բաքու-Թեհրան պայմանավորվածություն է ձեռք բերվել, Թուրքիայի նախագահն Իրանին ուղերձներ հղեց:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին Իրանի նախաձեռնած զորավարժություններին՝ Էրդողանն ասել է, որ Իրանը չի փորձի Ադրբեջանին թիրախավորել Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով:
«Անձամբ ես չեմ հավատում Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման հնարավորությանը: Իրանը չի կարող Ադրբեջանին թիրախավորել Իսրայելի հետ համագործակցության պատճառով, քանի որ հայտնի է Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվը: Դա, իհարկե, ստիպում է մտածել: Ամեն ինչ այդքան պարզ չէ: Ես կարծում եմ, որ Իրանի ղեկավարությունը չի շարունակի այդ սխալը»,- նշել է նա:
Սրան զուգահեռ՝ ռուս-իրանական երկխոսությունն է ակտիվացել: Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը եղավ Ռուսաստանում, ինչպես նաև Իրանի ԳՇ պետը, որը քննարկեց ՌԴ-ի հետ ընդլայնված ռազմական համագործակցության և համատեղ ռազմական խոշոր ծրագրերի հարցը:
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Բաքու-Թեհրան լարվածության ետևում, բնականաբար, ավելի հզոր ուժեր են կանգնած, քան Ադրբեջանը:
Նրա խոսքով, այս իրավիճակում էական դերակատարություն ունի թե՛ Իրանի ավանդական խնդիրները ԱՄՆ-ի, Իսրայելի հետ, թե՛ նոր խնդիրները տարածաշրջանում՝ Իրանը ևս տեսնում է, որ պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունը ռեգիոնում աճել է, Ադրբեջանը սերտ համագործակցում է Իսրայելի հետ և իր մարտավարությունը փոխում է, կոշտացնում դիրքորոշումը, որպեսզի կարողանա այս և ավելի մեծ ռեգիոնում պահել իր շահերը:
«Բնականաբար, ռազմական գործոնն ամրապնդելը այն քայլերից է, որն Իրանը ճիշտ համարեց անել, քանի որ Հարավային Կովկասում Իրանը երբեք ուժի բաղադրիչը որևէ նպատակով չի կիրառել, այնինչ իր հարևանությամբ Թուրքիան ու Իսրայելը ռազմական ուժ են կուտակում ու մեծացնում, սա Իրանի տեսանկյունից մտահոգիչ է, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ունի Իրանը Իսրայելի, ԱՄՆ-ի և մերձավորարևելյան այլ երկրների հետ:
Այս փուլում որևէ սուր սցենար կանխատեսելի չէ, սակայն բարդ գործընթացները, բարդ ու խառը դիմակայությունները շարունակվելու են ռեգիոնում ազդեցության համար, Իրանի շուրջ լարվածությունը ևս, ամենայն հավանականությամբ, կպահպանվի, քանի որ այն իրավիճակը, որը կա տարածաշրջանում պատերազմից հետո, Իրանին ձեռնտու չէ:
Իրանում հասկանում են, որ Թուրքիան գնում է Մեծ Թուրանի ծրագրի իրականացման, որի կարևոր բաղադրիչը Ադրբեջան-Նախիջևան կապն է, որի համար ներկայումս պայքարում են: Սա մեծ անհանգստության առիթ է, անվտանգային նոր իրավիճակ՝ նոր սպառնալիքներով Իրանի համար:
Թուրքիայի կոշտ որակումները ևս պայմանավորված են այն հանգամանքով, որ Իրանը դեմ է այս ծրագրերին»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ Իրանի համար բավականին բարդ դասավորություն է ստեղծվել, որը Իրանը փորձում է հաղթահարել թե՛ տեղում, թե՛ Մոսկվայի հետ կապերը խորացնելով, թե նաև միջուկային գործարքի հարցում փորձելով ճիշտ քաղաքականություն որդեգրել, թե՛ տարածաշրջան բերել այլ երկրների Ասիայից:
«Փոքր երկրների որոշումներից ևս շատ բան է կախված լինելու: Ինչպե՞ս կամ աշխատելո՞ւ է արդյոք 3+3 ձևաչափը, որին նախատեսվում է՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Իրանի, Ռուսաստանի մասնակցությունը, կամ ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում այս ծրագրին և ինչպե՞ս է դիրքավորվելու: Այս ամենը պարզելու համար հարկավոր է, որ որոշ գործընթացներ տեղի ունենան»,- ասաց նա: