
Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարելավվում են

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վարչակազմի միջեւ հարաբերությունները մի փոքր ջերմանում են: Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի:
Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն ընդհանուր առմամբ մնում են «ոչ միանշանակ»՝ սուր տարաձայնություններով եւ բազմաթիվ հարցերի շուրջ կասկածանքներով:
«Բայց վարչակազմն այն կարծիքին է, որ այն դանդաղորեն առաջ է ընթանում անվտանգության բնագավառում առկա օրակարգի մի քանի ոլորտներում, որն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել են հունիսին Ժնեւում կայացած գագաթնաժողովում»,-նշում է թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտից զրուցակցի կարծիքը:
Այսպես, երկու երկրների հարաբերություններում հաջողություններից մեկը համարվում է կիբեռանվտանգության հարցում համատեղ նախաձեռնությունը, որն անցյալ ուրաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայացրած բանաձեւում:
Ինչպես նշում է հրատարակությունը, գլխավոր ձեռքբերումն այն է, որ այժմ առկա է կիբեռանվտանգության ընդհանուր հանձնառություն ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի կողմից: Թերթն այն կարծիքն է հայտնել, որ «կարծես թե Ռուսաստանի հետ Բայդենի վարչակազմի հարաբերություններում չափավոր ձնհալ է սկսվել»:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը ռազմավարական կայունության շուրջ ժնեւյան նոր բանակցությունների ուղղությամբ նույնպես դանդաղորեն, բայց առաջ էընթանում, նշում է հրատարակությունը:
Բացի այդ, ընդգծվում է, որ Մոսկվան նույնպես Միացյալ Նահանգների հետ առանձին հարցերի ուղղությամբ աշխատել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Այնուամենայնիվ, գրում է թերթը, երկու երկրների միջեւ առաջվա պես մնում է մեկ «առեղծվածային» հարց, որը վերաբերում է այսպես կոչված «հավանյան սինդրոմին», որի մեջ ԱՄՆ-ը կասկածում է Ռուսաստանին:
«Եթե պարզվի, որ Ռուսաստանը դիտավորյալ նշանառել է ամերիկացի պաշտոնյաներին, ապա առջեւում լուրջ ճգնաժամ է, չնայած վերջերս արձանագրված համագործակցությանը»,-նախազգուշացնում է հրատարակությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: