«Ադրբեջանի գործողությունները մեսիջ են թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին». Իսակ Յունանեսյան
«Ալիևի վերջին հայտարարությունը, որ իբր թե Իրանը և Հայաստանն օգտվել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բավականին լուրջ քննադատության է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանն Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին: Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք:
Իսակ Յունանեսյանն ընդգծեց, որ չնայած Հայաստան և Ադրբեջան այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը նշանակում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը բանակցությունների միջոցով կարող է լուծվել, Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը. «Ինչպես նախկինում եմ ասել՝ ամեն ինչ կախված է Ադրբեջանի պահվածքից: Ոնց որ թե Ադրբեջանը դեռ չի ուզում լուծման գնալ և անընդհատ փորձում է Իրանին իր դեմ տրամադրել: Հիմա, կա՛մ Իսրայելն է նրա մեջքին կանգնած, կա՛մ Արևմուտքը, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ այս լեզվակռիվը, որն Ադրբեջանը սկսել է, կավարտվի: Իրանը փորձում է բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ իր խնդիրները հարթել, բայց ամեն անգամ մի նոր բան է պատահում՝ Ալիևը մի նոր հայտարարությամբ սրում է հարաբերությունները»:
Նրա խոսքով՝ Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքները, որի արդյունքում Արցախում զինվորականներ էին վիրավորվել, նշանակում է, որ Ադրբեջանը չի մարսել այն, ինչ եղել է Արցախում.
«Այսինքն՝ Ադրբեջանը ամբողջ Արցախն էր ուզում, և ռուսների ներկայությունը իրենց դուր չի գալիս: Այդ գործողությունները մեսիջ են թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին, այն առումով, որ եթե այն, ինչ պայմանավորվել են, Հայաստանը չտա՝ նման հարձակումները կշարունակվեն, և՛ Իրանին էլ նմանապես զգուշացնում է, որ ինչ ուզենա՝ այդ տարածքում կանի: Բայց ամենից շատ դա կապված է Նիկոլ Փաշինյանի բանավոր խոստումների հետ, որոնցից հիմա կարծես Իրանի և Ռուսաստանի ճնշման տակ Փաշինյանը հետքայլ արեց: Ադրբեջանը ուզում է դա հիշեցնել Հայաստանին: Հիմա միջանցքն է, թե այլ բանավոր պայմանավորվածություններ, մենք չենք կարող ասել»:
Փորձագետը նկատեց՝ վերջին շրջանում ՀՀ իշխանությունների հայտարարություններից կարելի է հուսալ, որ Հայաստանը գնում է դրական քայլերի. «Բայց մենք այս իշխանությանը ճանաչելով, որ իրենք ինչ ասում են՝ հակառակն են անում, ես չեմ կարող հստակ ասել, որ Հայաստանը գնում է դրական քայլերի կամ Ռուսաստանի և Իրանի ճնշումների տակ է նման հայտարարություններ անում»: