Աշխարհի լավագույն 10 օպերաները
Երաժշտության սիրահարների մեջ կան շատերը, որոնք գնահատում են օպերային երաժշտությունը: Օպերան գնահատողների և նաև նրանց համար, ովքեր նոր են ուզում խորանալ օպերային երաժշտության հիասքանչ աշխարհի մեջ, ներկայացնում ենք 10 հանրահայտ օպերաներ:
1. «Կարմեն», Ժորժ Բիզե
«Կարմենը» ֆրանսիացի երգահան Ժորժ Բիզեի չորս գործողությամբ օպերան է։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թվականի մարտի 3-ին Փարիզի «Opéra-Comique» թատրոնում։
Հայաստանում բեմադրվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին (դիրիժոր՝ Ս.Չարեկյան, բեմ.` Ա.Բուրջալյան), 1941 թվականին (դիրիժոր` Գ. Բուդաղյան, բեմ՝ Ա. Գուլակյան), 1972 թվականին (դիրիժոր՝ Գ. Տերտերյան, բեմ.` Վ. Բագրատունի), 2001 թվականին (դիրիժոր` Կ. Դուրգարյան, բեմ.՝ Ա. Մելիքսեթյան)։
2. «Աիդա», Ջուզեպպե Վերդի
«Աիդան» իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի չորս գործողությամբ օպերան է։ Օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ Եգիպտոսի կառավարության պատվերով:
Առաջնախաղը կայացել է 1871թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։ «Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։
3. «Ֆաուստ», Շառլ Գունո
«Ֆաուստ», ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի հինգ գործողությամբ օպերան։ Օպերայի առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1859 թ. մարտի 19-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Theatre Lyrique)՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության։ Օպերան 1860-ական թթ. ընթացքում հեղինակի կողմից լրացվել ու վերամշակվել է։ Վերջնական տեսքով այն բեմադրվել է 1869 թ. մարտին Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնում՝ անընդմեջ մնալով դրա խաղացանկում առ 1970-ական թթ., որտեղ երգել է նաև հայ հայտնի երգիչ Արմենակ Շահմուրադյանը։ Ֆաուստը բեմադրվել է նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։
4. «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի
Յոթ տեսարանով «Եվգենի Օնեգին» օպերան առաջին բեմադրությունը ներկայացվել է Մոսկվայի «Փոքր թատրոնում» 1879 թ. մարտի 17-ին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով և Նիկոլայ Ռուբինշտեյնի ղեկավարությամբ։
5. «Մադամ Բատերֆլայ», Ժակոմո Պուչինի
Իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի երկու գործողությամբ «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1904 թ. փետրվարի 17-ին։ Նոր՝ վերամշակված տարբերակը բեմադրվել է 1904 թ. մայիսի 28-ին Բրեշիայի «Գրանդե» թատրոնում։
«Մադամ Բատերֆլայ»-ը Պուչինիի լավագույն ստեղծագործություններից է, որը ներկայումս ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում։
6. «Տրավիատա», Ջուզեպպե Վերդի
Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը կայացել է 1853թ. մարտի 6-ին Վենետիկի «Լա-Ֆենիչե» օպերային թատրոնում։
Այն շատերը ամարում են Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։
7. «Նորմա», Վինչենցո Բելլինի
Իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի երկու գործողությամբ «Նորմա» օպերայի առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831թ. դեկտեմբերի 26-ին։ Օպերան շատերը համարում են Վինչենցո Բելլինիի լավագույն ստեղծագործությունը, այն նաև բելկանտո ոճի երաժշտության անկյունաքարերից մեկն է։
8. «Կախարդական սրինգ», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու գործողությամբ օպերան գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի պատվերով՝ ըստ նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի։ Առաջնախաղը կայացել է 1791թ. սեպտեմբերի 30-ին։ Համարվում է Մոցարտի ստեղծած լավագույն օպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված աշխարհի օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։
9. «Պատերազմ և խաղաղություն», Սերգեյ Պրոկոֆև
Ռուս երգահան Սերգեյ Պրոկոֆևի երգչախմբային նախերգանքով, 13 տեսարանով օպերայի առաջնախաղը, որի լիբրետոն հեղինակել են Սերգեյ Պրոկոֆևը և Միրա Մենդելսոն-Պրոկոֆևան՝ ըստ Լև Տոլստոյի համանուն վեպի, համերգային կատարմամբ տեղի է ունեցել Մոսկվայում 1944 թվականի հոկտեմբերի 16-ին։
10. «Սևիլյան սափրիչ», Ջոակինո Ռոսսինի
Իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղը կայացել է 1816 թվականի փետրվարի 20-ին Հռոմի «Teatro Argentina» թատրոնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը