Կորոնավիրուսն այն հիվանդությունը չէ, որ հետը կատակ անեն ու դեմոկրատիա խաղան. բժիշկ Շվեդիայից

Շվեդիայում ապրող և աշխատող ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարյանը «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի  և «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման համատեղ կազմակերպած Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրեսին մասնակցող բժիշկներից մեկն է: 168.am-ի հետ զրույցում Հենրիկ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում այսօր կան որոշակի խնդիրներ, որոնք չեն թողնում, որպեսզի ընտանեկան բժշկի ինստիտուտը զարգանա:

Եվ ընտանեկան բժիշկը փոխանցեց Շվեդիայի փորձը, որ  իրենց երկրում  ընտանեկան բժշկությունը զարգացնելուն զուգահեռ՝ օպտիմալացնում էին հիվանդանոցները, ուժեղացվում էր առաջին օղակը՝ համագործակցելով հիվանդանոցների մասնագետների հետ:

Բժիշկը նաև անդրադարձավ կորոնավիրուսին՝ նշելով իր մասնագիտական փորձի ընթացքում երևան եկած հետևանքները, որոնք վիրուսը կարող է թողնել:

«Առաջին բանը, որ կարելի է ասել վիրուսի մասին, սա շատ վտանգավոր և սպանիչ վիրուս է: Երկրները, որոնք կարող են ստատիստիկա ունենալ և հաշվել են, այդ երկրներում արդեն մենք 4 մլն-ից ավելի մահ ենք տվել: Հիմա եթե հաշվենք այն երկրները, որոնք ընդհանրապես ստատիստիկա չունեն, մարդիկ մահանում են վիրուսից, բայց ասում են՝ «տարիքն է, մահացել է», հավատացած եմ, որ մենք արդեն 5, մինչև 6 մլն աշխարհում մահ կարող ենք գրանցել, որ այս վիրուսը տվել է:

Այս վիրուսը հիվանդություն չէ, որ հետը կատակ անեն և դեմոկրատիա խաղան: Դեմոկրատիա խաղալը այն իմաստով եմ ասում, որ «սա իմ մարմինն է, ես ինչ ուզում եմ, կարող եմ անել»: Ճիշտ է, սա իմ մարմինն է, ես եմ որոշում, բայց եթե մենք նայենք, կտեսնենք, որ մեր երեխաներն են արդեն սկսում վարակվել: Այսինքն՝ այս վիրուսի հիման վրա մահը երիտասարդանում է: Անգամ, եթե ես իմ մարմինն եմ համարում ու չեմ ուզում պատվաստվել, պետք է մտածեմ՝ իմ երեխայի համար պիտի պատվաստվեմ, որ չվարակեմ:

Իսկ կոմպլիկացիաները, (բարդությունները.- Ա.Հ) որ առաջանում են, մենք ունենք հիվանդներ, որ տարուց ավելի իրենց հոտառական և համի կենտրոնը չի վերականգնվել: Կա հոգնածություն: Մի հիվանդի հանդիպեցի, քուրդ տղա էր, շնչել չէր կարողանում: Եղել էր հիվանդանոցում, ստացել  բուժում, բայց քայլում էր, նման էր 90 տարեկան տատի կամ պապի, որն  ունի սրտային անբավարարություն, այդքան բարդ բան է: Դեռ շատ բաներ մենք չգիտենք, թե վիրուսը ինչ կարող է առաջացնել մարմնում»,- ասաց բժիշկ Հենրիկ Շահնազարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս