«Նիկոլ Փաշինյանը շատ զբաղված մարդ է, ժամանակ չունի կարդալու Սահմանադրությունը». Գևորգ Պետրոսյան
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանն այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշեց, որ ժողովուրդը չի պատվաստվում ոչ թե այն պատճառով, որ վստահություն չունի պատվաստանյութերի նկատմամբ, այլ՝ չի վստահում իշխանությանը։
«Այսօր իշխանությունն այնքան է խաբել ժողովրդին, որ անգամ ամենալավ նախաձեռնությունն ի սկզբանե դիտարկվում է մեղավորության տեսանկյունից։ Այսինքն՝ իշխանությունը մեղավոր է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի ապացուցել կյանքը, թե չէ մենք բժիշկ չենք, որ հասկանանք, թե պատվաստանյութը որքանով է արդյունավետ։ Սա իշխանության և հենց հատուկ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության կանխավարկածն է, դրա համար էլ ժողովուրդն այդպես փախեփախ է անում ու պատվաստումներից խուսափում է»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Ըստ նրա, ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածն անձին իրավունք է վերապահում հրաժարվել իր համար կասկածելի բժշկական փորձերից, իսկ այն, որ սա բժշկական փորձ է, Գևորգ Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ երկորրդ կարծիք լինել չի կարող։ Հետևաբար՝ այդ պայմաններում մարդուն ստիպել, որպեսզի նա պատվաստվի, ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակամարդկային։
«Դե, Նիկոլ Փաշինյանը շատ զբաղված մարդ է, ժամանակ չունի կարդալու ՀՀ սահմանադրությունը, որի 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հանրային իշխանությունը կաշկանդված է մարդու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, որպես անմիջապես գործող իրավունք։ Իրենք քաղաքացու վզին փաթաթում են սահմանադրությամբ չնախատեսված պարտականություն։ Իրենք մոռացել են խնդրի հակասահմանադրական բնույթը և անցում են կատարում Աշխատանքային օրենսգրքին»,- ընդգծեց իրավաբան Գևորգ Պետրոսյանը։