Տարածաշրջանային գերբարդ «փազլն» ու Հայաստանը
Վերջին մի քանի տարիներին հարավկովկասյան տարածաշրջանում ակնհայտորեն ականատես ենք լինում լուրջ վերադասավորումների, որոնք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ անգամ քաղաքակրթական բնույթի են։ Փաստ է, որ մեր տարածաշրջանն այլևս հինը չէ, և նախկինում գոյություն ունեցող «ռասկլադները», պայմանավորվածություններն ու փոխադարձ համագործակցություններն այլևս չեն աշխատում, և ամեն ինչ սկսվում է նոր ու մաքուր էջից՝ «tabula rasa»:
Բավական արագ փոփոխվող աշխարհում տեղի ունեցող «ռակիրովկաները» շատ հաճախ ունենում են ճակատագրական հետևանքներ, ուստի պետք է ցանկացած գործընթացի նայել խորքային պրիզմայով, որպեսզի կարողանալ ընկալել սեփական պետության շահը և ուղղակի ճիշտ դիրքավորվել, նաև ունենալ ճիշտ հաշվարկներ։
Աներկբա է, որ մոտ երեք տասնամյակ ստատուս-քվոյի պահպանումն Արցախում փաստացի, զսպիչ գործոն էր Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իսկ այժմ՝ ռազմական հաջողությունից հետո, այս երկու պետություններն անթաքույց հայտարարում են, որ տարածաշրջանային հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Գործնականում թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր ակտիվ դերը տարածաշրջանում: Միայն սեպտեմբերին յոթ համատեղ զորավարժություն է տեղի ունեցել․ ի դեպ, մի զորավարժությանը մասնակցում էր նաև Պակիստանը, իսկ մեկ ուրիշը՝ Բերձորի մոտակայքում՝ գրեթե ռուս խաղաղապահների տեղակայման վայրին կպած:
Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից, հետևաբար՝ նաև տարածաշրջանից հանել, և Հարավային Կովկասի «կուրատոր» նշանակել Թուրքիային: Ըստ էության՝ այսօր Հարավային Կովկասում բախվող աշխարհաքաղաքական շահերի հանգույցում Հայաստանի դերն ու նշանակությունը նկատելիորեն ընկել է՝ հավասարվելով պատմական մինիմումի։
Տեղին է փաստել, որ, ի տարբերություն Վրաստանի կամ, ասենք, Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացնելու է Ռուսաստանի գործը, միաժամանակ՝ բավականին հեշտացնելու Թուրքիայինը: Փաստացի սա է գլոբալ պլանը, և ամեն փոքր քայլ գնում է հենց այս ճանապարհով:
Ըստ էության, Հայաստանի երկու հարևանները՝ Վրաստանն ու Իրանը, բավական ակտիվ են և ակնհայտորեն ձգտում են մասնակցություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում, անշուշտ, սեփական պետությունների շահերն առաջ տանելով: Առհասարակ, վերջին շրջանում մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է: Օրերս Թեհրանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել Հայաստանով դեպի Վրաստան անցնող նոր տրանզիտային ճանապարհի կառուցմանը։ Սա, իր հերթին՝ նշանակում է, որ Իրանը փորձում է սեփական դիրքերն ամրապնդել հարավկովկասյան տարածաշրջանում և այդ առիթով պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ նաև տնտեսական։
Ներկայումս Իրանում ընթացող զորավարժությունները, որոնք իրենց ծավալներով աննախադեպ են, վկայում է այն մասին, որ Իրանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել թուրք-ադրբեջանական «սիրավեպի» ֆոնին, քանի որ մեր հարավային հարևանները հստակ գիտակցում են, որ թուրքական ֆակտորի մեծացումը տարածաշրջանում ունենալու է անդառնալի հետևանքներ, և Հայաստանի վերջնական շրջափակումը ի դերև է դարձնում իր բոլոր պլանները։ Իսկ Իրանն իրականում լուրջ պլաններ ունի միջազգային շուկա դուրս գալու հետ կապված, և ամենահարմար ու ապահով տրանզիտը, ակնհայտ է, որ պետք է անցնի Հայաստան-Վրաստան գծով, այնպես որ, Սյունիքում այս պահին մենք ականատես ենք աշխարհաքաղաքական լուրջ բախման մի գործընթացի, ոչ թե զուտ սահմանային դեմարկացիայի ինչ-որ զարգացման։
Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի հետագա ճակատագրին, այն շարունակում է մնալ օդում կախված, քանի որ փաշինյանական դիվանագիտությունը, ոտնահարելով 30-ամյա արված աշխատանքները, ամեն ինչ մի վայրկյանում փոշիացնելուց, 5000 զոհ տալուց հետո միայն փորձում է դարձյալ օրակարգ բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ակնհայտ է, որ Հայաստանի շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերագործարկումը, քանի որ հենց այստեղ հնարավոր է նվազեցնել թուրքական ազդեցությունն ու դերը: Բայց չպետք է թույլ տալ, որ այս ձևաչափը դառնա միայն հումանիտար խնդիրների քննարկման հարթակ: Մեզ համար կարևոր է, որ այն ունենա համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններն ուղղորդելու հստակ մանդատ:
Փաստ է այն, որ հայաստանյան իշխանությունների կրավորական և անատամ դիրքավորումը արդեն խոսում է այն մասին, որ նրանք ուղղակի փորձում են սեփական իշխանության պահպանման նպատակով ներքաղաքական տարբեր ինտրիգներ հնարել և այլ արհեստական օրակարգերով ցրել հանրային մտածող հատվածի ուշադրությունը։
Վերջին շրջանում բոլորս ականատես ենք դառնում, թե ինչ էժան ու պոպուլիզմի դասական դրսևորում հանդիսացող քայլեր է իրականացնում Փաշինյանի վարչախումբը՝ ընդդիմադիր գործիչների շուրջ տարբեր շոուներ կազմակերպելով։ Նախկինների դեմոնիզացումը փայլուն իրականացրած Նիկոլը, արդեն երրորդ տարին է, փորձում է ամեն ինչ անել առանցքային հարցերում հերթական մեղավորին նշանակելու ու սեփական կաշին փրկելու համար։
Արմեն Հովասափյան