«Ընդդիմությանը մնացել է միայն մեկ հնարավորություն. չհաջողելու իրավունք այլևս չունենք». Քրիստինե Վարդանյան
«Ընդդիմության նկատմամբ կա քննադատության ալիք. Իրավունք չունի որևէ մեկը նեղանալ քննադատությունից, անգամ՝ զայրույթից, որովհետև պետք է հասկանանք, որ 200 հազարից ավելի քաղաքացիներ ձայն են տվել մեզ՝ փրկության հույսով: Հիմա այդ մարդիկ տեսնում են, որ այդ փրկությունը հետաձգվում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ քննադատություններ լսելն ու համապատասխան եզրահանգումներ անելն իրենց պարտականությունն է:
««Հայաստան» դաշինքը կազմվել է միակ օրակարգով՝ այս իշխանության օր առաջ հեռացումը, բայց փաստն այն է, որ չստացվեց: Մեր օրակարգը չի փոխվել»,- ընդգծեց նա:
Հարցին՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ եթե բնակչության 20 տոկոսն ակտիվ պայքարի, ոչ մի իշխանություն չի դիմանա. «Հայաստան» դաշինքն ի վիճակի չէ՞ մոբիլիզացնել բնակչության 20 տոկոսին, կամ ձեզ ձայն տված 200 հազարից ավելի քաղաքացիներին, և հեռացնել գործող իշխանություններին, նա պատասխանեց. «Օրակարգը մնում է նույնը՝ իշխանությունների օր առաջ հեռացումը, և պետք է հասկանանք՝ ինչպես դա անել: Ամենակարևոր արձանագրումը, որ այստեղ ունենք՝ «Հայաստան» դաշինքի որևէ պատգամավորի մոտ չկա գիտակցում, որ այս ճգնաժամը լուծվելու է խորհրդարանում, հակառակը՝ բոլորս գիտակցում ենք, որ այս հարցը խորհրդարանում չի լուծվելու:
Հետևաբար՝ պետք է մոբիլիզացնենք և կազմակերպենք մեր տասնյակ-հազարավոր քաղաքացիների բողոքը, որը, ի վերջո, պետք է բերի իշխանափոխության: Մեզ հարցնում են՝ ինչո՞ւ փողոցում չեք: Այստեղ մի կարևոր բան կա՝ իմ անձնական դիտարկմամբ՝ ընդդիմությունն ունի ընդամենը մեկ հնարավորություն, մնացել է միայն մեկ հնարավորություն՝ այդ ալիքը մոբիլիզացնելու և վերջնական արդյունքի հասնելու համար: Մենք չհաջողելու իրավունք այլևս չունենք: Այստեղ է, որ մեր գործը դժվարանում է»:
Պատգամավորն ասաց, որ իրենց ամեն քայլը պետք է ծառայի իշխանությունների հեռացմանը հասնելու նպատակին. «Քանի որ մենք սխալվելու հնարավորություն չունենք, ամեն ինչ պետք է լինի կշռադատված, ծրագրավորված, տրամաբանական հաջորդականության մեջ, ամենակարևորը՝ այդ բոլոր մարդկանց ոչ միայն չպետք է հիասթափեցնենք, այլ շատ ավելի մեծ թվով մարդկանց պետք է կարողանանք մոբիլիզացնել»:
Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ իրական ընդդիմության մեջ կոնսենսուս կա, որը հստակ ձևակերպված է՝ Հայաստանի գոյության համար գործող իշխանությունները պետք է փոխվեն. «Գուցե կան մոտեցումների տարբերություններ, բազմաթիվ հարցեր, ես չեմ գնա որևէ մեկին հարվածելու ճանապարհով, դա միայն թուլացնելու է ընդդիմադիր դաշտը և իշխանությունների ջրաղացին է ջուր լցնելու:
Այո, իշխանությունները բավական սահուն իրականացնում են այն ծրագիրը, որն ունեն, և ընդդիմության գործն է՝ համազգային դիմադրություն կազմակերպել և ցույց տալ, որ ազգի նշանակալից մասի համար անթույլատրելի է նման քաղաքականությունը: Հարցն այնպիսին է, որ պետք է փորձել այնքան, մինչև հաջողենք»:
Դիտարկմանը՝ Դուք ասում էիք, որ միայն մեկ հնարավորություն է մնացել, նա այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ով կկազմակերպի այդ դիմադրությունը, բայց հարցն այնպիսին է, որ ցանկացած ուժ, ով կտանի այդ ազնիվ պայքարը, կկազմակերպի այդ ազնիվ պայքարը, Հայաստանի ապագայով մտահոգվող բոլոր մարդիկ պետք է միավորվեն այս օրակարգի շուրջ: Հայաստանը չպետք է գնա թրքացման ճանապարհով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում