«Նախագծի ընդունումը կհանգեցնի նաև կոռուպցիոն դրսևորումների». Կարծիքներ COVID պատվաստման կամ թեստավորման համար օրենսդրական փոփոխությունների մասին

Այսօրվանից տեսչական մարմինները սկսել են տարբեր հիմնարկներում ստուգումները՝ առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի կատարումը ստուգելու նպատակով: Խոսքն այն հրամանի մասին է, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ էլ տեղեկանք, որ իրենց հակացուցված է պատվաստվել:

Նախարարի հրամանի լրացված տարբերակը մասնագիտական, երբեմն նաև՝ ոչ մասնագիտական քննարկումների տեղիք տվեց, որոշ իրավաբաններ պնդում էին, որ Աշխատանքային օրենսգրքով գործատուները պարտավոր չեն իրենց աշխատակիցներից պահանջել այդ թղթերը կամ հրամանով սահմանված պահանջը չկատարող աշխատակիցների նկատմամբ սանկցիաներ կիրառելու իրավունք չունեն:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հարցը կարգավորելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել ««Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների՝ գործատուն իրավունք է ստանում COVID-19-ի դեմ պատվաստված լինելու տեղեկանք, 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով սերտիֆիկատ չներկայացրած, ինչպես նաև չպատվաստված և պատվաստվելու հակացուցում չունեցող աշխատակցին չթողնել աշխատանքի վայր, հետո նաև հեռացնել աշխատանքից: Փաստորեն այս փոփոխությունը վկայում է, որ գերատեսչություններում էլ ընդունել են, որ Առողջապահության նախարարի հրամանին չենթարկվող աշխատակիցների նկատմամբ սանկցիաներ կիրառելու իրավունք չունեն, ուստի մշակվեց և շրջանառության մեջ դրվեց վերոնշյալ նախագիծը:

Շատերի կարծիքով՝ ներկայացված նախագիծն ըստ էության օրինական հիմքերի վրա է դնում առողջապահության նախարարի հրամանը: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագծի հրապարակումից մինչև սույն հոդվածի պատրաստման պահը կողմ քվեարկել է օգտատերերի 32%-ը (79 մարդ), դեմ՝ 68%-ը (171):

Որոշ քաղաքացիներ ու կազմակերպություններ նաև իրենց կարծիքն ու առաջարկություններն են ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Նարե Սիմոնյան օգտատերն, օրինակ, գրել է, թե նախագիծը «դեմ է մարդու իրավունքներին ու ազատություններին»:

Սարգիս Ավդալյան օգտատերն էլ հարց է բարձրացրել, թե նախագծի հիմնավորումներում ինչո՞ւ չի նշվում, որ եղել են պատվաստման հետևանքով գրանցված մահվան դեպքեր:

«Ինչո՞ւ է թաքցվում նման դեպքերը, սա օրենքի խախտում է, և պետք է թաքցնողը կրի քրեական օրենսգրքով պատիժ»,- գրել է օգտատերը:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն նշել է, թե հիմնականում դրական է գնահատում կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի ու դրա կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության մինչև այս կատարած գործողությունները, միաժամանակ կարծում է, որ կառավարությունը թույլ է տալիս «իրավաբանության ու օրինակարգության կարևորագույն սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, կոպտագույն խախտումներ»: ՀԿ-ն ներկայացրել է իր դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ և նախագծի հեղինակներին հորդորել կասեցնել նախագծի հանրային քննարկումն ու նախագիծը վերադարձնել հեղինակին:

«Նախագծի հիմնավորումների մեջ բերում է ՀՀ օրենսդրության պահանջների աղճատված, հակասական փաստարկումներ, ինչպես նաև՝ գիտականորեն չապացուցված, անարժանահավատ տեղեկատվություն: Նախագծի հիմնավորման համար հղում է կատարվում միայն ՀՀ սահմանադրության 85-րդ և 86-րդ հոդվածների և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի իրավակարգավորումներին, անտեսելով մարդու իրավունքների իրացման սահմանադրական այլ իրավակարգավորումները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքների, դրանցից բխող այլ նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները:

Ցավոք, Նախագծի մշակման ժամանակ հեղինակը հաշվի չի առել ՀՀ օրենսդրության վերոհիշյալ կարգավորումները և ներկայացրել է մի օրինագիծ, որով պարտադրում է ՀՀ հանրային աշխատողներին անցնել կլինիկական փորձարկումների փուլ: Հակառակ դեպքում այդ պարտադիր իրավակարգավորման չկատարումը՝ ի հակասություն սահմանադրական կամավորության սկզբունքի, հանգեցնելու է հաջորդ իրավազանցությանը՝ աշխատանքից ազատմանը, ինչն այս պարագայում էլ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումներին:

Ավելին, Նախագծի հեղինակը փորձել է անգամ խախտել ՀՀ սահմանադրության 2 հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված) և սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված): Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է այնպիսի խտրական և ոչ իրավահավասար կարգավորում, որով առաջարկվող իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Կարծես թե նախագծի հեղինակները բոլորովին անհանգստություն չունեն վերոհիշյալ պաշտոնյաների ՀՀ սահմանադրությամբ սահմանված առողջ ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ, կամ էլ հստակ վստահ են, որ նրանք չեն կարող վարակվել կորոնավիրուսով՝ ելնելով իրենց սոցիալական դիրքից: Բացի վերոհիշյալից, Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ հանրային ծառայողների մեծ մասի ֆինանսական դրության կտրուկ ծանրացման, ինչպես նաև կոռուպցիոն դրսևորումների, ինչի մասին բարձրաձայնում են արդեն լրատվական միջոցները և ՀՀ դատախազությունում արդեն հարուցվել են քրեական գործեր:

Ելնելով վերոհիշյալից՝ առաջարկում ենք.

1. Կասեցնել սույն օրինագծի հանրային քննարկումը և վերադարձնել դրա հեղինակին,

2. Ամբողջությամբ իրականացնել ՀՀ օրենսդրության վերոհիշյալ կարգավորումները՝ բացառելով մարդու իրավունքների խախտումը, անհավասարությունն ու խտրականությունը,

3. Առավել մեծացնել կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցառումների ջատագովությունը և ՀՀ քաղաքացիների կողմից սահմանված սանիտարահամաճարական սահմանափակումների խախտումների համար պատասխանատվությունը,

4. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որպես կլինիկական փորձարկման տեսակ, իրականացնել միայն կամավորության սկզբունքով՝ համաձայն ՀՀ սահմանադրության իմպերատիվ նորմերի»,- նշված է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ դիրքորոշման մեջ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն էլ ուշադրություն է հրավիրել նախագծում առկա «չի վճարում աշխատավարձ» ձևակերպմանը:

Նշենք, որ համաձայն նախագծի՝ եթե առողջապահության նախարարի հրամանով նախատեսված փաստաթղթերը աշխատողը չի ներկայացնում, «գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվել աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները, և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:

««Չի վճարում աշխատավարձ» դրույթը վերանայման կարիք ունի, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ վճարման ենթակա աշխատավարձը վերաբերի նախորդող ժամանակահատվածին, որի ընթացքում աշխատակիցը վաստակել է իր աշխատավարձը»,- նշված է ՀԿ-ի դիրքորոշման մեջ:

««Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման համար հասանելի է մինչև հոկտեմբերի 25-ը:

Տեսանյութեր

Լրահոս