«Օկուպացված է 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար». Արցախի ԿԳՄՍ նախարար

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը «բլից-կրիգ»  էր, և Հադրութից մշակութային ժառանգության տարհանման մասին որևէ խոսք չէր կարող լինել։

«Այնպիսի իրավիճակ էր, որ բառիս իսկական իմաստով Հադրութի պատմամշակութային ժառանգության տարհանման մասին անհնար է խոսել։ Հոկտեմբերի 19-ին տարհանում եղել է, մենք տարհանել ենք Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի ամենաարժեքավոր ֆոնդը, թե ինչո՞ւ հենց այդ թանգարանը, որովհետև շենքը վթարային էր, և եթե մոտ տարածքում որևէ հրթիռ պայթեր, ապա այդ շենքը լրիվությամբ պետք է փլվեր։ Այդ օրը ես զանգել եմ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն պարոն Ասատրյանին, Շուշիի Պատմության թանգարան՝ պարոն Աշոտ Հարությունյանին, և ասել եմ, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մենք տարհանում ենք կազմակերպում։ Այդ օրը պարոն Վարդան Ասատրյանը սկզբում չի համաձայնել, ասել է՝ Շուշիում ապահով է, բայց հետո տարհանվեց։ Նույն մեքենայով տարհանել ենք  Քաշաթաղի շրջանի Երեմի դամբարանադաշտի ցուցանմուշները, այդ օրը տարհանվել է նաև Տիգրանակերտը»,- տեղեկացրեց Լուսինե Ղարախանյանը։

Նա նաև նշեց, որ առհասարակ տարհանման մասին շատ բաներ հանրայնացման ենթակա չեն, ապա շարունակեց պատմել, որ հոկտեմբերի 30-ին Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը զանգահարել է իրեն և ցանկություն է հայտնել տարհանել ցուցանմուշները։ Սակայն, ցավոք, հաջողվել է  տարհանել միայն թանգարանի գորգերի ցուցադրությունը։

«Ես առհասարակ չեմ ուզի, որ այստեղ որևէ մեկը փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը։ Այո, եղել է թերացում, խուճապ, եղել է ոչ ճիշտ լրատվություն, որի հետ կապված է եղել Շուշիի արժեքների չտարհանելը։ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ տնօրենը խնամքով փաթեթավորել էր և ռմբապաստարաններով տեղավորել էր ցուցանմուշները։ Սակայն հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մտածել ենք, որ ռեալ իրական վտանգ կա, արդեն խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը, այսինքն՝ մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր»,- հավելեց Արցախի ԿԳՄՍ նախարարը։

Նա տեղեկացրեց, որ տարհանել են նաև Բերձորի պատմաերկրագիտական թանգարանը, այդ թվում՝ Շահումյանի ու Քաշաթաղի շրջանների հիշատակության արժանի խաչքարերը։ Այսօր այդ թանգարանային նմուշների պաշտպանությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հոգածությամբ։

«Պատերազմից հետո երկու կարևոր ինստիտուտ կա, որոնց հետ մենք սկսել ենք աշխատել՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և Արտգործնախարարությունը։ Մենք համապատասխան նամակներ ենք հղել միջազգային կարևորագույն կառույցների։ Այսօր կա մոտավորապես 2 հազար օկուպացված հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար։ Ունենք 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք»,- ընդգծեց նա։  Արցախի ԿԳՄՍ նախարարն իր ելույթում հպանցիկ անդրադարձավ նաև վերջերս ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին: Նա որպես հաջողություն՝ նշեց Դադիվանքի և Նախիջևանի խաչքարերի մասին հիշատակումը, և որպես վրիպում՝ որակեց բանաձևում նշված «Ղըզնչի» և «Շուշա» բառերը:

Նշենք, որ հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս