Բաժիններ՝

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Արմեն Սարգսյանի վիճարկած Դատական օրենսգրքի փոփոխությունները և հնարավոր դարձրել Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Այս մասին կարդում ենք ՍԴ կայքում:

Բացի դրանից, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ էր դիմել նաև Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու հարցով օրենսդրական փաթեթի առնչությամբ:

ՍԴ-ն ձայների հավասարության հանգամանքով պայմանավորված՝ որոշում չի կայացրել վերոնշյալ փաթեթի առնչությամբ, և, ըստ էության, դիմումը համարվել է մերժված:

Հիշեցնենք, որ հենց այս կարգավորումն է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը վիճարկում նույն Սահմանադրական դատարանում:

«ՍԴ-ն, սակայն, հակասահմանադրական է ճանաչել ֆիզիկական անձանց կողմից Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) դիմելու ու դատավորների անկախությունն ամբողջությամբ ոչնչացնելու փաթեթը»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ըստ նրա՝ այս որոշումը մի կողմից լավ է, որովհետև ԲԴԽ-ին չեն դարձնում դատավորների համար գիլիոտինի դեր կատարող կառույց, որ քաղաքացիները, հենց դատարանի վճիռը չհավանեն, գնան ու կոնկրետ դատավորից բողոքեն այնտեղ, ու ԲԴԽ-ն էլ հերթական կարգապահական վարությը նախաձեռնի:

«Մյուս կողմից ձայների հավասարությամբ համարվել է մերժված Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման օրենսդրական փաթեթը, ու հիմա այդ դատարանները կստեղծվեն: Արման Թաթոյանը շատ ճիշտ է արել, որ այդ հարցը հասցրել է ՍԴ-ի քննարկմանը: Հավասարությունը պետք է վկայի հակառակի մասին, որովհետև եթե ձայները հավասար են, ուրեմն օրենքը պրոբլեմ ունի»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս