
Դրական ենք ընդունել Ալիևի և Փաշինյանի՝ համանախագահների հովանու ներքո հանդիպելու պատրաստակամության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (Ռուսաստանի Դաշնություն)) այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը.
«Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման ֆոնին համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր ապաէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում`ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի հետ կապված: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ համաձայնության ոլորտներ գտնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը:
Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք սկզբունքային պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո:
Համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՝ քննարկելու այս գործընթացի հետագա քայլերը»,-ասված է հայտարարության մեջ: