Ադրբեջանի նկրտումներն ու հայ-իրանական գործընկերությունը. ՏԱՍՍ-ը ծավալուն հոդված է հրապարակել
Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Հետղարաբաղյան սինդրոմ. թե ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի գործընկերային, հեռանկարային հարաբերություններին:
Հոդվածագիրը նկատել է՝ 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը, սակայն Ղարաբաղում վերջին պատերազմը փոխել է ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքորոշումը:
«Իրավիճակի ներկայիս սրման սկզբնական պատճառը Ադրբեջանի փորձերն էին`սահմանափակել Իրանի հետ Հայաստանի կապերը: Սակայն խնդիրները չեն սահմանափակվում միայն այս հարցով»,-նշել է հոդվածագիրն ու հավելել, որ Թեհրանն անհանգստացած է նաև Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ:
Շեշտվում է, որ Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և շահագրգռված է գտնելու այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ: Նշվում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լավ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,-նշել է հոդվածագիրը:
Հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք և արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև նավթամթերք և գազ:
Հիշատակվում է նաև դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետությունը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ՝ շեշտելով, որ արդեն իսկ տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է: «Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները՝ դեպի Նախիջևան միջանցք ունենալու և այդպիսով իրանա-հայկական սահմանը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին, իրանական կողմից բուռն բողոքի պատճառ են դարձել»,-նշված է հոդվածում:
Նշվում է, որ Ադրբեջանի աճող ամբիցիաները կշարունակեն դրդել այդ երկրի իշխանություններին `խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին: Հոդվածագիրը նկատել է, որ ադրբեջանական հասարակությունը, ոգևորված վերջին հաջողություններից, նկատելի ճնշում է գործադրում Բաքվում որոշումների կայացման վրա: «Իրանն իր հերթին կշարունակի պնդել, որ իր ազգային շահերը պետք է հաշվի առնվեն»,-նշել է հոդվածագիրը:
Նա նկատել է, որ Իրանը մտադիր չէ նահանջել:
«Հնարավոր փոխզիջում կարող է լինել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու գաղափարից Ադրբեջանի հրաժարվելը: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցով»,-ասված է հոդվածում:
Շեշտվում է, որ փոխզիջումն այս դեպքում պետք է գա բացառապես Ադրբեջանից: