Բաժիններ՝

Իլոն Մասքը Tesla-ի կենտրոնակայանը տեղափոխում է Տեխաս

Tesla Inc ամերիկյան ավտոարտադրողն իր կենտրոնակայանը Կալիֆոռնիայից տեղափոխում է Օսթին (Տեխասի նահանգ), որտեղ ընկերությունն անցյալ տարի սկսել է ձեռնարկության կառուցումը։

Ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 7-ին՝ հանդես գալով Tesla-ի բաժնետերերի ամենամյա ժողովում, որը նույնպես անցկացվել է Օսթինում:

Մասքը հայտարարել է, որ Tesla-ն պլանավորում է ընդլայնել գործողությունները Կալիֆոռնիայում, սակայն նրա հնարավորություններն այդ առումով այնտեղ սահմանափակված են:

«Նայեք Ֆրիմոնթի մեր գործարանին, այն լեփ-լեցուն է»,-ասել է Մասքը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մասքը հայտնել է, որ տեղափոխվել է Տեխաս, որտեղ կատարվում են նրա մեկ այլ ընկերության՝ Space Exploration Technologies Corp. (SpaceX)-ի հիմնական գործողությունները:

Այն ժամանակ նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ Կալիֆոռնիան «չափազանց թուլացել է» տնտեսական լիդերի իր կարգավիճակում եւ պակաս գրավիչ է դարձել իր համար:

Տեխասը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ տեխնոլոգիական ընկերությունների եւ ստարտապների է գրավում՝ նրանց առաջարկելով ավելի ցածր հարկեր, քան Կալիֆոռնիայում է, կանոնավորում, ինչպես նաեւ ավելի հասանելի բնակարան:

Հոկտեմբերի 7-ին Մասքը հայտարարել է, որ բաղադրիչների անբավարարությունը սահմանափակել է ընկերության հնարավորությունները նոր թողարկման առումով, որոնք վաղուց խոստացվել են ավտոմոբիլների մոդելների շուկայում:

«Այս տարին պարզապես մշտական պայքար է եղել ավտոբաղադրիչների մատակարարման համար»,-ասել է նա:

Tesla-ն, հավանաբար, Cybertruck պիկապի արտադրությունը կսկսի հաջորդ տարվա վերջին եւ թողարկման ավելի բարձր ծավալների կհասնի 2023 թվականին, նշել է Մասքը:

Այս տարվա հունվարին նա սպասում էր, որ ընկերությունը կկարողանա արդեն 2021 թվականի վերջին սկսել Cybertruck-ի մատակարարումները հաճախորդներին: Tesla-ի բաժնետոմսերը 0,5 տոկոսով էժանացել են հոկտեմբերի 7-ի նախնական սակարկություններում: Ընթացիկ տարվա սկզբից դրանց արժեքն ավելացել է 12,5 տոկոսով, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս