Տեսա՝ հայելիս ջարդված, ձախ կողմի դռները վնասված, բայց տեսախցիկի տվյալները չկան. Վարորդն ահազանգում է

Սեպտեմբերի 16-ի երեկոյան 20:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում Գայի պողոտա, Թոթովենցի խաչմերուկում դեռևս անհայտ մակնիշի մեքենան արագությամբ ընթանալիս հարվածել է Երևան քաղաքի բնակիչ Հասմիկ Գևինյանի մեքենային, վնասել հայելին, դռները, սակայն վարորդին գտնել և փոխհատուցում ստանալ չի հաջողվում:

««Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով կանգնած էի, մինչև լուսացույցի կարմիր նշանը կփոխեր, այդ պահին մեծ արագությամբ սպիտակ մեքենան հարվածեց ու անցավ: Տեսա՝ հայելիս ջարդված, ձախ կողմի դռները երեք տեղով վնասված: Բարձրացա տուն, զանգեցի ԱՊՊԱ ծառայություն, ֆիքսեցին, հորդորեցին 1-02 զանգել, այնտեղ էլ ձայնագրվեց իմ ահազանգը: Ուղարկեցին պարեկային ծառայություն, դիմում եմ գրել, խոստացել են, որ կզբաղվեն այդ հարցով»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Հասմիկը:

Նրա փոխանցմամբ՝ հետո քննիչն է զանգել, հարցրել է՝ ինքը տուժե՞լ է, թե՞ ոչ, բացասական արձագանքից հետո ասել է՝ էլ խնդիրը ո՞րն է, ինչպես նաև հավելել է, որ տեսախցիկի տվյալները չկան:

«Կրկին դիմեցի ԱՊՊԱ ծառայություն, պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող անել, որովհետև քննիչի եզրակացություն պետք է ունենան»,- նշեց վարորդը:

Նա նաև հայտնեց, որ չի ֆիքսել ո՛չ մեքենայի համարները, ո՛չ մակնիշը, միայն գույնն է հիշում: Պահանջում են քննիչի եզրակացություն, որպեսզի գումարը ստանա և վերանորոգի մեքենան:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը կատարվածի առնչությամբ հայտեց, որ տեսախցիկների նկարահանածը պահպանվում է 48 ժամ և պետք է այդ ընթացքում դիմել, ստուգել: Ավելին, տուժողը հենց այդ պահին պետք է կանչեր ճանապարհային ոստիկաններին, ոչ թե գնար տուն, նոր զանգահարեր:

«Սխալ է արել, ո՞վ է դեպքի վայրը լքում: Օրենքով արգելված է վթարի վայրը լքել: Հիմա եթե 48 ժամն անցել է, տեսախցիկը չկա, ոչինչ անել հնարավոր չէ»,- մանրամասնեց Տիգրան Քեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս