
12 երկրների ՆԳՆ-ների ղեկավարները ԵՀ-ին խնդրել են արգելափակոցներ թույլատրել ԵՄ-ի արտաքին սահմաններին

Եվրահանձնաժողովը նամակ է ստացել Եվրամիության անդամ 12 երկրների ներքին գործերի նախարարներից՝ սահմանների մասին Շենգենյան օրենսգրքում փոփոխություններ մտցնելու եւ Միության արտաքին սահմաններին ֆիզիկական արգելապատեր տեղակայել թույլատրելու խնդրանքով: Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
«Այո՛, մենք ստացել ենք այդ նամակը եւ կպատասխանենք դրան»,- ասել է նա:
Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ուղերձը Եվրահանձնաժողով է ուղարկվել հոկտեմբերի 7-ին:
Այնտեղ ընդգծված է, որ Շենգենյան օրենսգիրքը «ֆիզիկական արգելապատի առկայություն չի նախատեսում», սակայն դրա կառուցումը «սահմանի պաշտպանության արդյունավետ միջոց է, որը ծառայում է ամբողջ Եվրամիության շահերին»:
Նամակի հեղինակները կարծում են, որ «այդ արդարացված քայլը պետք է լրացուցիչ համապատասխան ֆինանսավորում ստանա Եվրամիության բյուջեից առաջնահերթության կարգով»:
Ներքին գործերի նախարարությունների ղեկավարները նաեւ հավելել են, որ «երրորդ երկրներից ոչ մեկը չպետք է հնարավորություն ունենա օգտագործելու ապաստանի տրամադրման եվրոպական համակարգը Եվրամիության անդամ պետությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու եւ դրանց շանտաժի ենթարկելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: