
Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել մզկիթում. զոհվել է շուրջ 100 մարդ

Հոկտեմբերի 8-ին շուրջ 100 մարդ է զոհվել, տասնայկները վիրավորվել Աֆղանստանի հյուսիսի Քունդուզի նահանգւմ շիաների Սեիդ Աբադ մզկիթում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել էAamaj News լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարվել է տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) մարդկանց հոծ բազմության մեջ, որոնք հավաքվել էին ուրբաթ օրվա աղոթքի: Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել՝ գտնվելով կրոնական կառույցի ներսում:
Ինչպես Twitter-ի իր էջում գրել է մշակույթի հարցերով «Թալիբան» արմատական շարժման հանձնաժողովի անդամ Մոհամադ Ջալալը, ահաբեկչական գործողությունն իրականացվել է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալների կողմից, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: