Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիրը և ֆիլիպինցի լրագրողուհին
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսային: Դափնեկիրներին հոկտեմբերի 8-ին հայտարարել է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը։
Կոմիտեն որոշել է մրցանակը շնորհել «խոսքի ազատության գործում նրանց ջանքերի» համար, «ինչը նախադրյալ է ժողովրդավարության եւ կայուն խաղաղության համար»: «Ժողովրդավարական հասարակությունները կանխում են պատերազմներն ու հակամարտությունները, դա լավագույն պաշտպանությունն է, որը հասարկությունները կարող են կանգնեցնել պատերազմների եւ հակամարտությունների դեմ: Բայց չկա ժողովրդավարություն առանց խոսքի ազատության»,- ընդգծել է Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռայս Անդերսենը:
«Նրանք շատ համարձակ, ակնառու լրագրողներ են, (մրցանակի շնորհումը նրանց) ցույց է տալիս, թե ինչ է նշանակում լինել լրագրող եւ ինչպես կարելի է օգտագործել խոսքի ազատությունը նույնիսկ շատ բարդ, սահմանափակ պայմաններում»,- նշել է նա՝ մեկնաբանելով դափնեկիրների անունները: Դմիտրի Մուրատովն առաջին ռուսաստանցին է, որը դառնում է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ավելի վաղ այդ մրցանակը 1990 թվականին ստացել է Միխայիլ Գորբաչովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: