«Չեմ կարծում, որ այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք հայտարարությունների, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

«Երեկ մենք պատգամավորներով Սահմանադրությամբ նախատեսված 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, արդեն  դիմումը ներկայացրել ենք Սահմանադրական դատարան՝ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Ցավով ենք արձանագրում, որ ՀՀ նախագահը հերթական անգամ չգտնվեց Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակում, ստորագրեց այդ օրենքը։ Երեկ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՏԻՄ ընտրություններից՝ ակնհայտորեն այս խոշորացումը, որն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունը պահպանելու և բոլոր տեղերում ՔՊ-ի իշխանությունը հաստատելու համար, խոսում է այն մասին, որ այս մարդը չի էլ հետ կանգնում իր ապօրինի վարքագծից»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստվելու վերաբերյալ հայտարարությանը, որտեղ հրահանգեց իրավապահներին՝ պահանջելով, որպեսզի Դատախազությունը, քննչական մարմիններն իրեն զեկուցեն։

«Սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերևույթ հանցագործություն, մենք գործ ունենք դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ»,- հավելեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն էլ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև փողոցային պայքարին ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նկատեց՝ վերջին պատերազմից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի ու թելադրանքի ներքո, հատկապես՝ միջազգային հարթության մեջ։

«Ակնհայտ է, որ այս պատերազմը ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծված ոտնձգության արդյունք է, այլ այն պարտվողական քաղաքականության, որը տեղի է ունեցել 2018 թվականից հետո։ Մեր դաշինքի նպատակների ու ծրագրերի մեջ կա այն, որ Հայաստանի ղեկին պետք է լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է ազատ բանակցել և օգտագործել այն ներուժը, որը 20-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել։ Բանակն առաջին հերթին պետք է կազմակերպված ձևով այս իրավիճակից դուրս գա և ապահովի իր զարգացումը։ Մեր աշխատանքներն ընթանում են ոչ միայն ԱԺ ներսում, այդ աշխատանքները տեղի են ունենում դաշինքում, հատկապես մեր քվե տված մարդկանց հետ։

Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա չեմ կարծում, որ այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս