«Ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը․ ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել «գորշ գայլի» պիղծ մռութը»»

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքը էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը ցամաքով միացնելու տենչ։

Իրականում սակայն, բացի գաղափարախոսական բաղադրիչից, այստեղ գործ ունենք խիստ հավակնոտ աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումների հետ, որոնց նպատակը կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածքներ Թուրքիայի ելքի ապահովումն է։

Դրա հաջողության պարագայում նոր և չափազանց հարուստ մարդկային, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների ներարկման հետևանքով քեմալական ազգայնական ծրագրի արգասիք Թուրքիան իրական կերպով կկարողանա հավակնել վերազգային համաթյուրքական գերտերության կարգավիճակի՝ մեծապետական Թուրանի։

Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու ադրբեջանաթուրքական պատրանքն այս փուլում թաղված է նաև իրանական ակտիվ գործողությունների և արդյունավետ ճնշման արդյունքում։

Սակայն առայժմ փակված է լոկ ուժային ուղին, ուստի ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը, որին ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել տարբեր տեղերից դուրս սպրդող «գորշ գայլի» պիղծ մռութը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031