Ադրբեջանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի դավադրությունը

«Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար»,- նման հայտարարություն է արել «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 5-ից Իրանն արգելել էր ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով:

Իրանի այդ քայլը պատասխան էր Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին, որոնք էլ նախաձեռնվել են՝ որպես Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով իրանական ուսումնավարժանքների արձագանք։

Տարածաշրջանային հերթական, բայց իր ծավալներով աննախադեպ այս սրացումը բացահայտում է Հայաստանի իշխանությունների վտանգավոր, չափազանց վտանգավոր գործելաոճը, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար։ Գործ ունենք տարածաշրջանային երկրների լարվածության հետ, որի մի կողմում Հայաստանի իրական դաշնակից, բարեկամ երկիր Իրանն է, մյուս կողմում՝ ընդամենը մեկ տարի առաջ հազարավոր հայերի մահվան պատճառ դարձած ու Արցախի տարածքի մեծ մասն օկուպացրած պետությունը։ Անգամ ամենամակերեսային ընկալմամբ, այս առճակատման մեջ Հայաստանը պետք է զբաղեցներ իրանամետ դիրքավորում, որովհետև հակառակը՝ պրոադրբեջանական վարքագիծը, հակասում է ոչ միայն քաղաքականության, այլ անգամ ամենապարզ բարոյականության ու արժանապատվության օրենքներին։

Բայց այս իրավիճակում «խաղաղության դարաշրջան» ազդարարած Հայաստանը բացում է իր օդային տարածքը մի երկրի օդանավերի համար, որի՝ մեկ այլ թշնամական պետության հետ անցկացվող զորավարժությունները ցանկացած պահի կարող են ուղղվել հենց Հայաստանի դեմ։ Իհարկե, օդային տարածքի օգտագործման հետ կապված կան ինչ-որ միջազգային  պարտավորություններ, որոնք վստահաբար կշահարկեն ՀՀ «խաղաղասերները»՝ Ադրբեջանի առաջ օդային տարածքը բացելու որոշումն արդարացնելու համար։ Բայց հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ընդ որում՝ այնպիսի զգայուն հարցում, որը չի կարող ստորադասվել որևէ միջազգային պարտավորության։

Իրանաադրբեջանական հարաբերություններն ինչ-որ պահի, ինչ-որ պայմաններով կկարգավորվեն, բայց մեր իրական բարեկամ ու դաշնակից Իրանը վստահաբար երբեք չի մոռանա, որ նման իրավիճակում Հայաստանը զբաղեցրել է ակնհայտ հակաիրանական դիրքորոշում՝ ըստ էության դառնալով իրեն կապիտուլյացիայի ենթարկած պետությունների դաշնակիցը։ Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում է, թե «Հայաստանը որևէ դեպքում չի ներքաշվի հակաիրանական դավադրության մեջ»։

Այդ հայտարարությունից ընդամենը երկու օր հետո Հայաստանը ներքաշվում է իրական հակաիրանական դավադրության մեջ։ Իսկ քաղաքականության մեջ նման վարքագիծը ոչ միայն չի մոռացվում, այլ նաև չի ներվում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս