Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է Հայաստանի քաղաքական խնդիրների հանդեպ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն՝ ընդգծելով, որ 88 անդամ պետություն ունեցող կազմակերպությունը կարևորում է Հայաստանը՝ որպես իր անդամ պետություն և նախագահող երկիր:
«Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է: Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ», – ասել է Լուիզ Մուշիկիվաբոն:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հետաքրքրված է շարունակելու Հայաստանի հետ համատեղ ծրագրերը և մասնավորապես գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ երիտասարդության, հայ և ֆրանկոֆոն մյուս երկրների երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում:
«Մենք փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Դա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք խոսում են ֆրանսերեն», – նշել է գլխավոր քարտուղարը:
Մյուս կողմից, սակայն, Ֆրանկոֆոնիան, ըստ Լուիզ Մուշիկիվաբոյի, միայն ֆրանսերենին չի վերաբերում: Ֆրանսերենը, գլխավոր քարտուղարի խոսքով, համատեղ լեզու է ՖՄԿ անդամ երկրների համար, բայց, նախ, բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ:
«Այսօր բարդույթներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերենին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր», – ասել է գլխավոր քարտուղարը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, որը ՖՄԿ լիիրավ անդամ է, Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքով՝ Հայաստանը մեծապես նպաստում է կազմակերպության գործունեությանը, ընդ որում՝ բավական դժվարին իրավիճակում:
Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարը, ինչպես ինքը խոստովանեց, առանձնահատուկ կախվածություն ունի Հայաստանից՝ առավել ևս գտնվելով Երևանում, որտեղ ինքն ընտրվել է գլխավոր քարտուղար: Նա հիշեց 2020-ի համաճարակային և պատերազմական իրավիճակները, որոնց ընթացքում ինքն ու Հայաստանի վարչապետը մշտական կապ են պահել հեռախոսով:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հատուկ շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց տիկին Մուշիկիվաբոյին 2020-ի աշնանը Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար:
«Ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես գործող նախագահողի, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը», – դիմելով Հայաստանի վարչապետին՝ ասել է Լուիզ Մուշիկիվաբոն:
Հայաստանը կշարունակի նախագահել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մոտ մեկուկես ամիս՝ մինչև Թունիսում կայանալիք 18-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Թունիսին: