Պետք է պարոն Փաշինյանին հարցնել, թե ինչն է իրենց օրակարգը. Սեյրան Օհանյան
«Պետք է պարոն Փաշինյանին հարցնել, թե ինչն է իրենց օրակարգը, որովհետև, կարծում եմ՝ խաղաղության թեզի ներքո Հայաստանի Հանրապետությունը հայտնվելու է Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության խաբկանքի մեջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով խաղաղության մասին հայտարարություններին։
ՊՆ նախկին նախարարը, սակայն, հավելեց, որ չունենք իրավապայմանագրային հենք, այն ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանում ու տարածաշրջանում ու այն քարտեզներ, որոնք հիմք կհանդիսանան մեր սահմանները ճշտելու համար:
«Բոլորն էլ կողմնակից ենք, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց այդ խաղաղության համար պետք են պայմաններ. և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն: Այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգային համակարգի ձևավորման, և՛ նաև միջազգային հարթակներում այդ հարցերի շրջանակներում խելացի բանակցություններ վարելու»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «ծնկած դիրքը հարմար չէ բանակցելու համար», նա արձագանքեց.
«Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ մենք բանակցային գործընթացի ձախողմամբ հայտնվեցինք պատերազմի ճիրաններում։ Եվ նաև այս վերջին տարվա պատերազմից հետո մեր փորձը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են պարտադրանքի մեջ։
Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում, իսկ այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր»։
Մանրամասները՝ տեսանյութում