Թուրքիայի մեջլիսում առաջարկում են «Պանդորայի փաստաթղթերն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել:
Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի փաստաթղթերում» ներառված Թուրքիայի քաղաքացիներին և թուրքական կազմակերպությունները, ուսումնասիրի նրանց առևտրային գործունեությունը, ինչպես նաև հստակեցնի, թե ինչ կարգ պետք է կիրառվի օֆշորային գոտիներում արված գործարքների հարկումը սկսելու համար:
Օֆշորային գործարքների մասին նոր թղթապանակը, որտեղ 12 միլիոնից ավել փաստաթուղթ կա, երբևէ արված ամենամեծ արտահոսքն է, որի շնորհիվ բացահայտվել են աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և գործարարների գաղտնի գործարքներն ու ակտիվները:
Թուրքիայից ևս ներկայացուցիչներ կան «Պանդորայի փաստաղթեթերում»: Նշվում է 220 անուն, որոնց շարքում ամենանշանակալին Թուրքիայի ամենահարուստ ընկերություններից «Rönesans Holding»-ի անունն է: