
Պուտինը նոր գործողություններով Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը

Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Օրհան Բուրսալին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բուրսալին իր հոդվածում գրել է. «Կարծես թե քաղաքական ապագա չկա Դամասկոսի ապստամբների համար, որոնց Անկարան պաշտպանում և սնում է: Քաղաքականությունը չի կարող կառուցվել անհավանականը ստիպողաբար առաջ տանելու վրա. դա բերում է մեծ պարտության։ Ընդհակառակը, քաղաքականությունը պետք է հիմնված լինի հավանական երևույթների վրա: Բացի այդ, Սոչիի հանդիպումից երկու օր անց Ռուսաստանը մասամբ վերսկսել է իր գործունեությունը M-4 մայրուղու վրա: Սա ցույց է տալիս ճանապարհային անվտանգությունն ապահովելու Պուտինի վճռականությունը»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել էր. «Մենք խոսեցինք այս հարցի մշտական, վերջնական և կայուն լուծում գտնելու անհրաժեշտության մասին: Մենք հատուկ հայտարարեցինք, որ բաց ենք այս ուղղությամբ իրատեսական և արդար քայլի համար»:
Պուտինի կողմից գործողությունների շարունակումը, ըստ թուրք վերլուծաբանի, նպատակ ունի ապահովել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջոցներ ձեռնարկի ՝ այդ խոստումները հնարավորինս արագ կատարելու համար: