Առողջապահության նախարարությունը հիշեցնում է ծխախոտի առաջացրած վնասների մասին
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»՝ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: Այս մասին հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ վերջին շրջանում քաղաքացիների կողմից շատ ահազանգեր են ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ:
«Չնայած նշված արգելքներին` արտադրողը կամ վաճառք իրականացնողը գտնում են ճանապարհ արտադրանքի իրացումը խթանելու համար: Դա տեղի է ունենում տարբեր հրատարակչություններում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ)/ էլեկտրոնային սիգարետների «օգուտների» մասին հոդվածներ հրապարակելով, այդ արտադրատեսակները տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողների շրջանում գովազդելով, տեղադրելով գովազդը էլեկտրոնային կայքերում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն` ակնհայտորեն խախտելով օրենքը»,- հայտնում են նախարարությունից:
Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգը
Համաձայն օրենքի` դրանք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են և դրանց վրա տարածվում են բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև արգելված է դրանց գովազդի բոլոր ձևերը:
Այս արտադրատեսակի օգտագործման ձևաչափը հաճախ ընտրում են դեռահասներն ու երիտասարդները` հիմնականում դիզայնի, կոմպակտ չափի և ձևի շնորհիվ, ինչը հեշտացնում է գաջեթը թաքցնելը:
Նշվում է, որ էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող նիկոտինը պարունակում է բենզոաթթվի աղ, որը մեծացնում է դրա մատակարարման արագությունը:
Նիկոտինը հանդիսանում է կախվածություն առաջացնող ծխախոտային արտադրատեսակների հիմնական բաղադրիչ: Նիկոտինի ազդեցությունը բերում է նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարման, վնասում է բջիջների պատերը և առաջացնում է իոնային դիսբալանս:
Էլեկտրոնային ծխախոտի համերի ամբողջ բազմազանությունը պայմանավորված է քիմիական բուրավետիչներով` նյութերով, որոնք անվտանգ են և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, սակայն կարող են շատ վտանգավոր լինել ներշնչելու դեպքում` առաջացնելով թոքերի վտանգավոր հիվանդություն:
Տաքացվող ծխախոտ
Նախարարությունից հայտնում են, որ համաձայն օրենքի` տաքացվող ծխախոտը ծխախոտային արտադրատեսակ է և համապատասխանաբար դրա վրա տարածվում են օրենքով նախատեսված բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ գովազդի բոլոր ձևերի արգելքը:
Տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (ՏԾԱ) ծխախոտային արտադրատեսակներ են, որոնք տաքացման ժամանակ արտանետում են նիկոտին և մի շարք այլ քիմիական նյութեր պարունակող աերոզոլ, որը սպառողը ներշնչում է: Այս արտադրատեսակը էլեկտրոնային ծխախոտ չէ: ՏԾԱ-ն պարունակում է նիկոտին, որը առաջացնում է կայուն կախվածություն և ոչ ծխախոտային հավելումներ, այդ թվում բուրավետիչներ:
«ՏԾԱ տաքացման ժամանակ արտանետվում են նաև տոքսիկ նյութեր (ածխածնի մոնոօքսիդ, բենզ(ա)պիրեն, բենզոլ, 1,3-բուտադիեն, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին, NNN և NNK-նիտրոզամիններ): Այս նյութերն ունեն կանցեռոգեն ազդեցություն, ախտահարում են սրտանոթային և շնչառական համակարգերը: ՆՄԷՀ-ները և ՏԾԱ-ն շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս և դրանց օգտագործման պոտենցիալ ազդեցությունը դեռևս հետազոտված չէ:
Ինչպես նաև հետազոտված չէ դրանց` ավանդական ծխախոտային արտադրատեսակների կամ միմյանց հետ միաժամանակ օգտագործման ազդեցությունը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ օրենքի համաձայն` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը: