Դիտարկումներ ուսանողների վարքագծի վերաբերյալ
Վերջին տարիներին էապես փոխվել են ուսանողների վարքագծային նորմերը։ Այդ նորմերը շատ ավելի բան կարող են հուշել բարձրագույն կրթության իրավիճակի մասին, քան բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերի վերլուծությունը։ Ներկայացնենք մի քանի տիպական փոփոխություններ։
Նախկինում ուսանողների շրջանում ընդունված էր «դասից փախչելու ավանդույթը»։ Ուսանողները, որպես կանոն, դասերից փախչում էին ինչ-որ տեղ գնալու նպատակով (կինոդիտում, տարեդարձ)։ Այդ երևույթը խմբից պահանջում էր միասնական վարքագիծ, և չէին ներվում այն ուսանողները, որոնք մասնակցում էին դասին։ Ներկայումս «դասից փախչելու ավանդույթը» գրեթե վերացել է։ Այսօր լինում են դեպքեր, երբ դասին ներկայանում են 1 կամ 2 ուսանող։ Այսօրվա ուսանողների համար «դասից փախչելն» իմաստազրկվել է, քանի որ, եթե ուսանողը կամ ուսանողների խումբն ինչ-որ այլ գործ ունի, նրանք պարզապես չեն գալիս դասի։ Ի դեպ, կուրսերի միասնականության վրա բացասաբար ազդեց ռոտացիայի համակարգը՝ ըստ առաջադիմության՝ վճարովի համակարգից անվճարի անցումը, կամ հակառակը։ Այն ստեղծում է որոշակի լարվածություն ուսանողների որոշ մասի հարաբերություններում։ Հաճախումների վրա բացասաբար ազդեց նաև այն հանգամանքը, որ մի շարք համալսարաններում ուսանողները միավորներ չեն կորցնում դասերից բացակայելու դեպքում։
Այսօրվա ուսանողները շատ տարբեր են՝ իրենց վարքագծով, մտածելակերպով։ Կան ուսանողներ, որոնք գալիս են ավանդապաշտ ընտանիքներից։ Նրանք համարում են, որ իրենց հիմնական գործը սովորելն է։ Նրանք դասախոսին ընդունում են՝ որպես հեղինակություն, ավելի հարմարվող են համալսարանի դրվածքին։ Բայց կան նաև ուսանողներ, որոնք ավելի ազատական դաստիարակություն են ստացել։ Նրանք ավելի համարձակ են, ուսմանը զուգահեռ՝ աշխատում են, հաճախ ընդվզում են։
Փոխվել է լսարանում նստելու ուսանողների մոտեցումը։ Նախկինում ուսանողները ձգտում էին նստել լսարանի կենտրոնական շարքի առաջին տեղերում։ Դա հնարավորություն էր տալիս ավելի լավ տեսնել գրատախտակը, ավելի լավ լսել դասախոսին։ Ներկայումս ուսանողներն ավելի կենտրոնախույս են նստում լսարանում։ Մեծ մասը նախընտրում են պատի կամ պատուհանի շարքերը, իսկ կենտրոնական շարքի առաջին տեղերը հաճախ դատարկ են մնում։ Սրա պատճառը, թերևս, այն է, որ կենտրոնի առաջին շարքերում նստելն ուսանողին զրկում է հեռախոսից օգտվելու հնարավորությունից։ Վերջերս արտերկրում անցկացված մի հետազոտություն ցույց էր տվել, որ դասերի ժամանակ ուսանողները հաճախակի են օգտվում իրենց հեռախոսներից։ Սա, իհարկե, ժամանակակից կրթության ամենամեծ խնդիրներից մեկն է։ Բանն այն է, որ երբ մարդը միաժամանակ մեկից ավել բանով է զբաղված, ապա նրա ընկալունակությունը կտրուկ նվազում է։ Ավելին, դասից շեղվելու դեպքում, ուսանողից առնվազն 10 րոպե է պահանջվում կենտրոնացած վիճակին վերադառնալու համար։
Նախկինում ուսանողները շատ ավելի խմբավորված էին նստում լսարանում։ Այսօր ավելի ցրված են նստում։ Սրա պատճառը, թերևս, այն է, որ խմբավորված նստելն ավելի հեշտացնում էր դասի ժամանակ իրար հետ զրուցելը։ Նախկինում ուսանողներին ուղղված հիմնական դիտողությունը «Մի խոսիր»-ն էր։ Այսօր հիմնական դիտողությունը՝ «Հեռախոսը մի կողմ դիր»-ն է։ Այսինքն՝ ուսանողներն այլևս հակված չեն իրար շատ մոտ նստելու, քանի որ դասից շեղվելու հիմնական միջոցը հեռախոսն է։
Եթե տարիներ առաջ ուսանողները մեծ թափով զարգացրեցին պատճենահանման բիզնեսը, ապա վերջին մի քանի տարիներին շեշտակի զարգացում է ապրում սուրճի և այլ ըմպելիքների բիզնեսը։ Երևան քաղաքի կենտրոնի թերթի կրպակների զգալի մասը դարձել են սուրճ և զանազան ըմպելիքներ վաճառելու կետեր։ Այդուհանդերձ, համալսարանները դեռ չեն արձագանքել այս փոփոխությանը, և լսարանների կահույքը դեռևս հարմարեցված չէ սուրճ, թեյ և այլ ըմպելիքներ սիրող ուսանողներին։ Համալսարանների շրջակայքում հաճախակի կարելի է տեսնել տորթերով, փուչիկներով ուսանողների, ինչը նշանակում է, որ մեր բուհերի առօրյայում կարևոր տեղ ունի տարեդարձեր նշելը։ Ընդ որում, ուսանողները ոչ միայն նշում են իրենց դասընկերների ծննդյան օրը, այլև երբեմն անակնկալներ են անում դասախոսներին։ Ուսանողներն այնքան հնարամիտ են, որ երբեմն համբուրգերն են օգտագործում՝ որպես տորթի փոխարինող։
Այս ամենի կողքին շարունակում են կիսադատարկ մնալ համալսարանների ընթերցասրահները։ Դրանք մի փոքր ավելի մարդաշատ են դառնում քննաշրջանների ժամանակ։ Բայց ակնհայտ է, որ ընթերցանությունը շարունակում է մնալ որպես ոչ պոպուլյար գործունեություն անգամ համալսարաններում։
Եվ վերջապես, մեր համալսարաններում կյանքն ավարտվում է դասերից անմիջապես հետո։ Վերջին դասից հետո հաշված րոպեների ընթացքում համալսարանները դատարկվում են։ Համալսարանները շարունակում են մնալ որպես դաս և քննություն անցկացնելու վայրեր։ Պատճառները տարբեր են։ Մարզերից եկած ուսանողները շտապում են հասնելու իրենց ավտոբուսներին։ Բայց գլխավոր պատճառն այն է, որ համալսարանում մնալու իմաստ չկա։ Բոլորը զբաղված են, մեծ մասն աշխատում են։ Հետևաբար, դասերից հետո մնալը գործնականում անհնար է։ Սա, իհարկե, մեծ բաց է, քանի որ միայն դաս ու քննություն անելով՝ համալսարանը չի կարող իրականացնել իր մշակութային, քաղաքացիական, սոցիալական գործառույթները։ Ճիշտ է, ուսանողական կազմակերպությունները երբեմն միջոցառումներ են կազմակերպում։ Բայց դրանց մասնակցում են քիչ թվով ուսանողներ։
Գլխավոր փոփոխությունը, թերևս, այն է, որ շատ ուսանողների համար սովորելը հիմնական գործ չէ։ Ուսանողների մեծ մասը խորասուզված չէ սովորելու մեջ։ Շատերի համար սովորելն ապրելակերպ չի դարձել։ Այդուհանդերձ, մեր օրերի լավ սովորող ուսանողները մի քանի անգամ ավելի շատ բան գիտեն, քան նախկին ժամանակների ուսանողները։ Մեծագույն հաճույք է տեսնել, թե որքան հասուն, բանիմաց ուսանողներ կան, որոնցից ինքդ շատ բան ես սովորում։