Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
Այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ նշելով հուշադրամի տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 33,6 գ
Տրամագիծը՝ 38,61 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Թողարկման քանակը՝ 500 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2021
Դիմերեսին ՀՀ զինանշանն է, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ: Դարձերեսին ԱՊՀ պատկերանիշն է:
Էսքիզների հեղինակներ` Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագրով հիմնվելով ժողովուրդների պատմական միասնության և նրանց միջև կապերի վրա, հաշվի առնելով պետությունների մտադրությունը՝ զարգացնելու իրենց հարաբերությունները պետական ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, կողմերը պայմանավորվեցին ԱՊՀ կազմավորման շուրջ:
Ներկայում ԱՊՀ անդամներն 9 պետություններ են, որոնց համատեղ գործունեության հիմնական ուղղություններն են տնտեսական ինտեգրումը, հումանիտար, քաղաքական, իրավական և անվտանգության մարմինների ոլորտային համագործակցությունը, միասնական տեղեկատվության հարթակի ձևավորումը:
ԱՊՀ-ն հիմնված է անդամ պետությունների ինքնիշխանության հավասարության սկզբունքների վրա և ծառայում է այդ երկրների միջև բարեկամության, բարիդրացիության, ազգամիջյան ներդաշնակության, վստահության, փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: