«Ռուսաստանի նախագահը Ղարաբաղն ընդունեց՝ որպես Հայաստանի տարածք». Տիրան Լոքմագոզյան
Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով՝ ռուս-թուրքական շահերը ոչ թե համընկնում են, այլ բախվում են Հարավային Կովկասում:
«Այս տարածաշրջանը ընդունվում է՝ որպես Ռուսաստանի տարածաշրջան, և Ռուսաստանը հատկապես Թուրքիային, այն էլ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, չի ուզենա, որ մտնի այս տարածաշրջան: 44-օրյա պատերազմին և դրանից հետո Թուրքիան ինչ-որ կերպ սողոսկեց այս տարածաշրջան, և դա Ռուսաստանի դուրը չի գալիս, բայց շատ անելու բան չունի, որովհետև Ռուսաստանն այսօր բավականին թուլացած է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է գլոբալ նայել:
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ, եթե Թուրքիան տարածաշրջանում որևէ քայլ է անում, ապա դա Թուրքիայի հետևում կանգնած մեծ եղբայրների պատվերն է. «Եթե թաղում կռիվ են ուզում սարքել, փոքր երեխային ուղարկում են, ասում են՝ ապակին կոտրիր, հետո մեծ կռիվ է լինում: Թուրքիան այդ փոքր երեխայի դերում է, որ մի հատ այստեղ է ապակի քարկոծում, մի հատ՝ այնտեղ, և Ռուսաստանը գիտի, որ եթե այդ երեխայի ականջը քաշի, պետք է մեծ եղբայրը գա, հետո հայրը գա, հետո հորեղբայրը գա, և այլն, այդ պատճառով, եթե անգամ նկատի ունենանք, որ թուլացած է, թեթև բաներում տեղի է տալիս»:
Պուտին-Էրդողան հանդիպումից տարածված տեսանյութում արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձավ միայն Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը. «Այդ համագործակցությունը կայունությանը և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումները համաձայնեցնելու լուրջ երաշխիք է»:
Տիրան Լոքմագոզյանը նկատեց՝ ՌԴ նախագահը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի մասին, այլ ոչ թե՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի. «Այսինքն՝ ստացվում է, որ Ղարաբաղն ինքն ընդունում է՝ որպես Հայաստանի տարածք: Դա շատ հետաքրքիր է, և գուցե հետագայում կարողանանք օգտագործել, եթե մեր իշխանությունները լուրջ մի լավ բան ուզում են անել մեզ համար: Կարելի է օգտագործել նաև ԱՄՆ-ից եկած այն մեսիջը, որ վիճելի տարածքներ կան: Իհարկե, մեր այսօրվա իշխանությունը երևի նպատակ չունի դա օգտագործելու: Ես չգիտեմ, թե մեր իշխանություններն ում համար են աշխատում, արդյո՞ք մեզ համար են աշխատում, թե՞ հակառակորդի համար են աշխատում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում