Աննա Դանիբեկյանը կոնկրետ հրահա՞նգ է կատարում, թե՞ երկրի հաշվին հագուրդ է տալիս սեփական ամբիցիաների բավարարմանը
Սեպտեմբերի 25-ից մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը։ Ստրասբուրգում պետք է գտնվեր նաև հայաստանյան պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, սակայն, չմեկնեցին Ստրասբուրգ:
Պատճառն Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ Արմեն Գևորգյանի մեկնումն արգելելու որոշումն էր:
Պատվիրակության մյուս անդամները Ստրասբուրգ մեկնելուց հրաժարվեցին՝ ի համերաշխություն Արմեն Գևորգյանի:
Այս առնչությամբ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի դիմումը և փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։
Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց»:
ԵԽԽՎ այս նստաշրջանն իսկապես կարևոր էր արձանագրումների և ընդունվելիք բանաձևի առումով, և մեր պատվիրակության՝ ամբողջ կազմով, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների ներգրավմամբ մասնակցությունն իսկապես խիստ անհրաժեշտ էր Ստրասբուրգյան նստաշրջանին:
Որքան էլ առցանց մասնակցությունն ապահովվի, այն չի կարող տեղում կենդանի մասնակցությանը փոխարինել՝ հակադարձումների, տեղում ծագած անհրաժեշտ մեկնաբանությունների, ելույթների կարևորությունը հաշվի առնելով:
Այսպես՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում նախօրեին 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը, որը պատրաստվել էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա:
Բանաձևում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել են, որ հակամարտությունը պետք է լուծեն միայն խաղաղ միջոցներով, հետևաբար՝ 44-օրյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանքի արժանանա Եվրոպայի խորհրդի կողմից:
Բանաձևի ընդունումից առաջ ԵԽԽՎ-ում բավականին բարդ ու լարված քննարկում էր տեղի ունեցել. նախ հայկական կողմի առաջարկով բանաձևի վերնագրում հայ-ադրբեջանական հակամարտություն բառից հետո ավելացվել են «լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառերը:
Իրականում, ինչպես այսօր Մեդիա-կենտրոնում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, այս հակամարտության մեջ մենք ունենք կոնկրետ Թուրքիայի ներգրավվածություն, սակայն բանաձևի վերնագրում դա որևէ կերպ չի երևում:
Ադրբեջանական պատվիրակությունը նաև առաջարկություն էր ներկայացրել բանաձևում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի: Հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն կառուցվել է հայերի կողմից հայերի համար, սակայն, առաջարկությունն ընդունվեց ԵԽԽՎ մեծամասնության կողմից:
Հետագայում պատվիրակության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում ասել էր. «Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվել է «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է Շուշի/Շուշա»:
Ինչևէ, պետք է փաստել, որ խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն չուներ ներկա գտնվել ԵԽԽՎ լիագումար նիստերին, որովհետև դատավոր Աննա Դանիբեկյանն այդպես էր ուզում:
Հետաքրքիր է՝ ո՞ւմ հրահանգն էր կատարում Աննա Դանիբեկյանը, կամ ո՞ւմ շահն էր սպասարկում, երբ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Ազգային ժողովի պատգամավորին թույլ չէր տալիս մեկնել երկրից: Իսկ միգուցե բավարարում էր սեփական, անձնակա՞ն ամբիցիաները՝ ակնհայտորեն հերթական անգամ ցույց տալով, որ հատուկ ընդգծված վերաբերմունք ունի դատավարության կողմերից մեկի նկատմամբ:
Աննա Դանիբեկյանը դժվար չպատկերացնի, թե ինչքան կարևոր էր Արմեն Գևորգյանի և մյուսների մասնակցությունը ԵԽԽՎ նստաշրջանին, ուրեմն ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ է արգելել ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի ելքը երկրից:
Արդյո՞ք Աննա Դանիբեկյանը սեփական շահն ավելի բարձր է գնահատում, քան երկրինը, թե՞ այնուամենայնիվ, Արմեն Գևորգյանի մեկնումը արգելվել է կոնկրետ տեղից ու կոնկրետ հրահանգով, թերևս, դեռ երբևէ կիմացվի:
Ի դեպ, երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվող ԵԴ/0253/01/19 գործով քննությանը, որով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ներգրավվեցին վերջինիս 2 նոր պաշտպանները՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։
Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար դատարանին ներկայացրած թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու առնչությամբ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Արմեն Գևորգյանն առարկեց, իսկ երբ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, դատավորը նրան ևս թույլ չտվեց։ Աննա Դանիբեկյանը հրահանգեց նույնիսկ խոսափողը վերցնել փաստաբանի մոտից՝ հայտարարելով, թե առանց խոսափողի էլ փաստաբանի ձայնը լսելի է։ Ապա դատավոր Դանիբեկյանը, առանց փաստաբանին լսելու, որոշում կայացրեց 1 շաբաթ «ողջամիտ ժամկետ» տրամադրել Լուսինե Սահակյանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար, ու դատական նիստը հետաձգեց:
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշել էր, որ իր 25 տարվա պրակտիկայի ընթացքում չի հանդիպել այնպիսի դեպքի, երբ դատավորին հորդորի, որ չխախտի պաշտպանյալի իրավունքները:
«Երբ այս դատավարության ընթացքին հետևում ես կողքից, դա մի տպավորություն է, բայց երբ մասնակցում ես մի դատավարության, որտեղ տեսնում ես այս աստիճանի իրավունքի խախտումներ, սա ուղղակի ցնցող է: Ես ասեմ, որ 25 տարի փաստաբան եմ հանդիսանում, այսպիսի բան իմ պրակտիկայում չի եղել: Ես փորձում էի հորդորել դատարանին, որպեսզի դատարանը չշարունակի իրավունքների խախտումը: Եվ ես այստեղ հասկանում եմ, որ ակնհայտորեն դատարանն ունի հատուկ տրամադրվածություն: Բացի այն, որ մենք գիտենք, որ այս գործն ինքն իրենով քաղաքական բնույթ ունի, բայց դատարանի առանձնահատուկ վերաբերմունք կա Արմեն Գևորգյանի նկատմամբ… Կա լուրջ խնդիր, որ դատավորը չի կարողանում իր դատավոր դիրքում մնալ, որովհետև ինքն ակնհայտ վիրավորվածություն ունի համապատասխան քրեական գործ հարուցելու հետ կապված, և նա շարունակում է դա իրականացնել: Ինձ թվում էր, որ միգուցե նոր դեմք տեսնելով՝ նա իր վարքը կփոխի, բայց փաստորեն ինքն իր վարքը չփոխեց: Առաջին անգամ իմ 25 տարվա պրակտիկայում իմ ձեռքից խլել են խոսափողը: Դատավորը, խլելով խոսափողը, ասում է՝ «դե, բարձր ասեք, Ձեր ձայնը լսելի է»: Այսպիսի բանն ուղղակի աննորմալ է»,- ասել էր նոր ներգրավված պաշտպան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ հենց դատավոր Աննա Դանիբեկյանի նման վերաբերմունքն էր պատճառը, որ անհնարին դարձրեց Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի մասնակցությունն այս գործով քննությանը:
Մնացած գործերով, ուր դատական նիստերն այլ դատավորներ են նախագահում, Էրիկ Ալեքսանյանը շարունակում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը: