Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով 6 տարում 160․169 հետաքննություն է սկսվել
Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2020 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։
Այդ հոդվածով 1-4 տարվա ազատազրկման պատիժ է նախատեսված երկրի նախագահին վիրավորելու համար։ Ըստ զեկույցի՝ 2020 թվականին այդ հոդվածի հիմքով սկսված 31․297 հետաքննություններից 7․790-ի դեպքում դատախազությունը որոշել է հանրության անունից քրեական գործ հարուցել։
Ընդհանուր առմամբ 2014-2020 թթ․ ընթացքում Թուրքիայի քրեական դատարաններում 299-րդ հոդվածի հիման վրա մեղադրանք է առաջադրվել 38․608 քաղաքացու։ Ընդ որում, մեղադրյալներից 322-ը 12-14 տարեկան են եղել, 785-ը՝ 15-17 տարեկան, իսկ 258-ը՝ օտար երկրների քաղաքացիներ։
Մեղադրյալներից 12․881-ը տարբեր պատիժներ են ստացել, նրանցից 3․625-ը դատապարտվել են ազատազրկման։