Ասում է՝ բակը գերեզման չի. 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված խաչքարը ցանկանում են տեղափոխել
Նիկողոս Կարապետյանը, որ մեկ տարի առաջ այս օրերին կամավոր կռվում էր Արցախում, այս տարի օգոստոսի 21-ին սեփական միջոցներով իրենց շենքի բակում խաչքար է տեղադրել՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում զոհված իր ընկերների: Նա որպես ժամկետային զինծառայող՝ մասնակցել է նաև 2016թ.-ի քառօրյա պատերազմին: Տղայի մայրը՝ Ալիսա Նահապետյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդու նախաձեռնությունը ողջունել են շենքի հարևանները, սակայն շենքերից մեկի համատիրության նախագահը տեղադրման օրվանից իրենց հանգիստ չի տալիս, պնդում է, թե այն վայրը, որտեղ տեղադրվել է խաչքարը, նախատեսված չէ դրա համար, երեխաների խաղահրապարակ է:
«Համատիրության նախագահ Արամ Գրիգորյանն ասում է՝ այս խաչքարը պետք է տեղադրվի շենքի հետևում, բոլոր հարևանները բարկացած են իր արած այս գործից, ի՞նչ է նշանակում՝ խաչքարը տանենք շենքի հետևը, որտե՞ղ տեղադրենք, զիբիլների կո՞ղքը, էսպե՞ս ենք հարգում մեր զինվորներին»,- ասաց տիկին Ալիսան:
Նա ներկայացրեց, որ շենքի բնակիչների շրջանում ստորագրահավաք են արել, դիմել են իրենց Վարչական շրջանի ղեկավարին, որ խաչքարը մնա իր տեղում: Դրանից հետո էլ հարևան շենքի համատիրության նախագահը շարունակել է պնդել, թե այն պետք է տեղափոխվի:
«Տեսանք, որ ինքը չի հանգստանում, որոշեցինք նորից ստորագրություններ հավաքել, այս անգամ ներկայացնել Քաղաքապետարան: Ամուսինս թուղթը վերցնում է, մտնում է շենքերը, հարևանների դռները ծեծում և ստորագրություններ է հավաքում: Գնում է նաև համատիրության նախագահի շենքը, իրենք կամերաներով տեսնում են, երկուսով՝ ինքն ու իր տեղակալը, ծեծում են ամուսնուս, քաշքշում են, թուղթը ձեռքից ուզում են վերցնել, ճղել, բավականին ճմրթում են թուղթը, ասում են՝ իրավունք չունես հարևանների դռները ծեծես, ստորագրություն հավաքես: Այդ ծեծի համար մենք իր վրա քրեական գործ ենք բացել, որովհետև ամուսինս ինֆարկտ տարած է, անևրիզմա ունի՝ որովայնի և սրտի, քացով խփել են դոշին, փորին, ուսը ճղել էին, ինքը դրանից էլ չի հանգստանում… Ասում է՝ սա գերեզման չի, ազդում է իմ երեխայի հոգեբանության վրա, ի՞նչն է ազդում, ես չեմ հասկանում»,- ասաց Նահապետյանը:
Տիկին Ալիսան պնդեց, որ Արամ Գրիգորյանը անհիմն կռիվներ է հրահրում և ոստիկանների հրավիրում:
Մեր նկարահանման ընթացքում բակում հավաքվել էին նաև շենքի հարևանները: Նրանցից մեկը, որի որդին ևս 44-օրյա պատերազմի մասնակից է և վերադարձել է ոտքից վիրավոր, ասաց՝ կողմ է, որ խաչքարը մնա իր տեղում:
«Զիբիլանոցը մարդը սարքել է, հուշարձան է դրել զոհվածների համար, ի՞նչ վատ բան կա այդտեղ, ինքն էլ պետք է գար օգներ, ոչ թե բողոքեր: Բողոքելու ի՞նչ կա, ես չեմ հասկանում»:
Հարևաններից մեկ ուրիշն էլ՝ Փեփրոնե Ծատուրյանը, վստահեցրեց, թե Արցախյան առաջին պատերազմի զոհերի պատվին էլ շատ հուշաքարեր, խաչքարեր են տեղադրվել, սակայն ոչ ոքի մտքով չի անցել դրա դեմ բողոքել:
«Իմ եղբայրն էլ 90-ականների կռվողներից է եղել: Ես զարմանում եմ մի բանի վրա, թե ի՞նչ է պահանջն Արամի: Լևոնենց ժամանակվանից նստած է համատիրության նախագահ, հիմա էլ իրեն թվում է, թե մենք պետք է բերենք թուրքի դրո՞շ դնենք ստեղ: Մեր խորհրդանիշն է խաչքարը, բա բակում պետք է լինի, բա որտե՞ղ պետք է լինի: Իր թոռներին սերմանում է, թե սա գերեզման է, ինքն իր թոռներին իր հոր գերեզմանին չի տանո՞ւմ: Կարծում եմ, որ պետությունը ճիշտ կորոշի՝ ինչ անել: Ով էլ խաչքարին ձեռք տա, Աստված ձեռքերը կոտրի»,- ասաց նա:
«Այս հուշաքարին որ նայում եմ, մեծ թեթևություն եմ զգում, որ լավ գործ ենք միասնական արել, ինձ թվում է, որ զինվորները ողջ են: Էս հուշաքարը պետք է ստեղ մնա, թեկուզ մեր դիակի վրայով, ուզում է՝ իր նման հազար հոգի էլ լինի: Մենք շատ բակերում ենք նման հուշարձաններ տեսել»,- ասաց հարևաններից մեկ ուրիշը:
168.am-ը զրուցեց նաև Գալշոյան 30 շենքի համատիրության նախագահ Արամ Գրիգորյանի հետ, որը, ինչպես պնդում էր տիկին Ալիսան, դեմ է, որ խաչքարը մնա խաղահրապարակի մեջտեղում:
«Մեզանից 10-15 տարի ժամանակ է պահանջվել, որ կարողացել ենք կառուցել այդ խաղահրապարակը, որտեղ որ խաչքարը տեղադրվել է: Դրա իրավական կարգավիճակը մանուկների խաղահրապարակ է, դա փոխելու որևէ ձև ու հնարավորություն չկա, որովհետև թույլ չենք տա: Եկեք խաչքարը չդարձնենք բարոյական էլեմենտ, այն տեղադրված է մանկական խաղահրապարակի մեջտեղում, որտեղ չի կարելի: Խաթարված է մանուկների կրթության նորմը, մանկավարժական, հոգեբանական, բարոյական նորմերը, խաթարված է իրավական նորմը, խաչքարը կառուցված է ապօրինի, առանց համայնքի իշխանությունների թույլտվության, թքած ունենալով անգամ այդ իշխանությունների վրա: Խաչքարի տեղադրման վերաբերյալ քննարկումներն այսօր իրականացվում են տեղական իշխանություններում, խնդիր է դրված այն տեղափոխելու: Որևէ մեկը, այդ թվում՝ ես, դեմ չէ խաչքար տեղադրելուն, խաչքարը տեղադրված է ոչ այնտեղ, որտեղ պետք է տեղադրված լինի»,- ասաց Գրիգորյանը:
Նա պնդեց, որ եթե խաչքարը տեղադրվեր, օրինակ, խաղահրապարակի կողքին, ինքը որևէ խնդիր չէր տեսնի, իր երեխային էլ կբացատրեր, որ այդ վայրը պետք է հարգել: Մեր հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն պնդումները, որ ինքը ծեծել է տիկին Ալիսայի ամուսնուն, Գրիգորյանը բացասական պատասխան տվեց:
«Ամուսնուն չէ, բայց կնոջը հաստատ կծեծեի, որ առիթ լիներ: Երբեք չփորձեք խաչքարի բարոյական վիճակը բարձր դասել այսօրվա երեխաների ազատությունից և զարգացումից, էսօրվա մեր երկրի ապագան երեխաներն են, ոչ թե խաչքարերը»,- ասաց Գրիգորյանը:
Գալշոյան 30 շենքի համատիրության նախագահը նաև պատմեց, որ տարածքը հաճախ ջրելու պատճառով իր երեխան չի կարողանում օգտվել, օրինակ՝ խաղահրապարակի սղարանից: Հարևաններն այդքան էլ համաձայն չեն պնդմանը, թե խաչքարի տեղադրմամբ սահմանափակվել է երեխաների խաղալու հնարավորությունը:
«Մենք տանը երկու տղա երեխա ունենք, մանավանդ տղա երեխաների համար սա միջոց է հայրենասեր դաստիարակելու: Խաչքարը ոչ մի խաղահրապարակի չի խանգարում, մեր տղաներն էլ գալիս այստեղ խաղում են, 4 շենքի բնակիչներն էլ համաձայն են, որ այս խաչքարը մնա այստեղ»,- ասաց հարևաններից մեկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում